Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Կիևում և Խարկովում բնակելի շենքերի է հարվածել, կան զոհեր և վիրավորներ

Խարկովի վրա հարձակման հետևանքները, Ուկրաինա, 12-ը հոկտեմբերի, 2026 թ.
Խարկովի վրա հարձակման հետևանքները, Ուկրաինա, 12-ը հոկտեմբերի, 2026 թ.

Ռուսական անօդաչու թռչող սարքը երեկոյան հարվածել է Կիևի 25-հարկանի բնակելի շենքի, Դատախազության տվյալներով՝ երկու մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել շենքի երկու հարկերում գտնվող բնակարաններում, ոչնչացվել է առնվազն 12 մեքենա և երկու մոտոցիկլետ։

Կիև, Ուկրաինա, 12-ը հոկտեմբերի 12, 2026 թ.
Կիև, Ուկրաինա, 12-ը հոկտեմբերի 12, 2026 թ.

«Ժամը 21:00-ի դրությամբ հաղորդվել է 59-ամյա կնոջ մահվան մասին։ Տան մոտ գտնվող մեքենայում հայտնաբերվել է ևս մեկ անձի դի»,- ասվում է Դատախազության տարածած հայտարարությունում, ըստ որի՝ յոթ վիրավորների թվում 17-ամյա մի աղջիկ կա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ինը մարդ է տուժել:

«Սա ևս մեկ ապացույց է, որ Ռուսաստանը պետք է ավելի մեծ ճնշման ենթարկվի։ Հենց նրանք են շարունակում դաժան հարձակումները։ Նրանք են, որ երկարաձգում են պատերազմը։ Նույնիսկ հիմա, ի պատասխան ամերիկյան առաջարկի, նրանք օգտագործում են «Շահեդներ»։ Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգները կտեսնի Ռուսաստանից եկող այս ազդակները և կգործի վճռականորեն», - գրել է Զելենսկին։

Զելենսկին նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից էներգետիկ հրադադարի մասին երկու երկրների համաձայնության գալու մասին հայտարարությունից մի քանի ժամ անց Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի վեց էներգետիկ օբյեկտների։

Երեկ երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Խարկովի վրա։ Հարվածի հետևանքով քառահարկ բնակելի շենքում ավերվել է շքամուտքը, հաղորդվում է 4 զոհվածների մասին:

Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հաղորդել է Խարկովում 37 տուժածների մասին, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տուժել է 15 մարդ:

«Վիրավորների թվում կա 19-ամյա մի տղամարդ, որի վիճակը ծանր է, նա ստացել է ծանր այրվածքներ», - գրել է Սինեգուբովը։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ քաղաքը հարձակման է ենթարկվել «Բանդերոլ» տեսակի անօդաչու թռչող սարքերով։ Հաղորդվում է, որ վնասվել է առնվազն վեց մասնավոր տուն։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG