Մատչելիության հղումներ

ԱԺ-ն վավերացրեց COP17-ի անցկացման համաձայնագիրը․ ընդդիմությունը քննադատում է ծախսերը

Լրացված

Ազգային ժողովն այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրած արտահերթ նիստում վավերացրեց հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման վերաբերյալ համաձայնագիրը:

Ընդդիմադիր պատգամավորները քննադատում են համաձայնագիրն այսքան սեղմ ժամկետում քննարկելու և վավերացնելու որոշումը։ Նրանք նաև պնդում են, թե իշխանությունը համաժողովի կազմակերպման համար չարդարացված ուռճացված ծախսեր է անում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում իշխանությանը մեղադրեց նաև բնապահպական «տարրական խնդիրները չլուծելու» համար և առաջարկեց. - «Ես առաջարկում եմ, որ COP17 կենսաբազմազանության համաժողովը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հակադարձեց ընդդիմադիրներին՝ պնդելով, որ նրանց խնդիրը ոչ թե COP17-ի կազմակերպման ծախսերն են, այլ Հայաստանի պետականությունը։

«Ձեր ընկալմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը մաքսիմումը կարող է կազմակերպել «Հայաստան-Կալուգա բիզնես ֆորում»՝ լավագույն դեպքում»,-հայտարարեց Ալեքսանյանը՝ նկատի ունենալով հանգամանքը, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը իր բիզնես գործունեությունը սկսել է Ռուսաստանի Կալուգայի մարզում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հակադարձեց՝ տարակուսելով, թե ինչու է իշխանությունը ծախսերի վերաբերյալ կոնկրետ թվեր ներկայացնելու փոխարեն կրկին Կալուգայից խոսում։

«Պարոն Ալեքսանյան, շա՞տ եք ուզում գնալ Կալուգա, տոմս առնենք, թռեք, տեսեք՝ ինչ կա։ Մենք հարց ենք տալիս՝ ինչքա՞ն է տվյալ միջոցառումն արժեցել պետական բյուջեի վրա», - հայտարարեց նա։

Ըստ այսօր քննարկված համաձայնագրի՝ Հայաստանի կառավարությունը մոտ 2 միլիոն 166 հազար դոլար է հատկացրել Երևանում COP-17-ի անցկացման համար:

Երկուշաբթի օրը Ազգային ժողով ժամանած արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ COP-17-ի համար բոլոր գնումներն արվում են ՄԱԿ-ի սահմանած ստանդարտներով, և համաժողովը հյուրընկալող Հայաստանը չի կարող շեղվել այդ ստանդարտներից:

Խորհրդարանն այսօր վավերացրեց նաև Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը:

Այս համաձայնագրով էլ Հայաստանի կառավարությունը 284.4 միլիոն դոլարի վարկ է վերցնում միջազգային բանկից՝ «տեղահանված արցախցիների բնակարանային լուծումների բարելավման համար»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG