Մատչելիության հղումներ

Հայկ Սարգսյանը մեղադրյալ չէ. նրան կարող են ՔՊ-ից հեռացնել կամ խիստ նկատողություն տալ

ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվ
ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվ

Իշխող կուսակցության վերահսկող հանձնաժողովը դեռ քննություն է իրականացնում նախկին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հարցազրույցում արած պնդումների վերաբերյալ, «Ազատությանը» փոխանցեց ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը:

Իշխող ուժը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավարությամբ տեղի ունեցած վարչության նիստում նախկին պատգամավորի հարցը չի քննարկել, քանի որ սպասում են հանձնաժողովի զեկուցին: Այն առաջիկայում կներկայացվի ՔՊ վարչությանը:

Վերահսկող հանձնաժողովը, ըստ Հակոբյանի, իր զեկույցում կարող է առաջարկել տարբեր սանկցիաներ՝ խիստ նկատողությունից մինչև կուսակցությունից հեռացում:

Հայկ Սարգսյանի շուրջ ներկուսակցական քննարկումները հաջորդում են նրա վերջին աղմկահարույց հարցազրույցին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքին։

Սարգսյանը պնդել էր, որ ՔՊ-ում մեկուսացվել է այն բանից հետո, երբ կուսակցության ներսում բարձրաձայնել է հովանավորչության և այլ խնդիրների մասին։ Փաշինյանը նրա դիրքավորումը որակել էր «քաղաքականության մեջ իր տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկը» և հակադարձել, որ հենց Սարգսյանն է փորձել իշխանական լծակներն օգտագործել արտոնյալ վերաբերմունք ստանալու համար։ Ավելին՝ հանրությունը վարչապետ Փաշինյանից իմացավ, որ ՔՊ-ական Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Հայկ Սարգսյանը մեղադրյալ չէ

Թե Սարգսյանի ո՛ր հայտարարությունն է քրեական գործի հիմք դարձել, հայտնի չէ: Քննչական կոմիտեն տևական ժամանակ է հրաժարվում է տեղեկություն տրամադրել: Բայց «Ազատությունը» գրավոր հարցմամբ դիմել էր գլխավոր դատախազություն, որտեղից հայտնել են, որ Սարգսյանը «որևէ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի»: Դատախազությունը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք նա որևէ գործի շրջանակում հարցաքննվել է:

Սարգսյանը տևական ժամանակ պնդում էր, թե իր կուսակից, Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը 2019-ին բուքմեյքերական գրասենյակների փակման նախագիծը հեղինակել է, որպեսզի առավել նպաստավոր պայմաններ ստեղծի օնլայն խաղատների բիզնեսով զբաղվող «Վիվառոյի» համար: Ալեն Սիմոնյանի և «Վիվառոյի» հիմնադիր Բադալյան եղբայրների մտերմության մասին մամուլում տարբեր հրապարակումներ կան, սակայն Սիմոնյանը, որն այժմ զբաղեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, մշտապես հերքել է Սարգսյանի պնդումները: Արդյոք կարող էր նաև այս պատմությունը քննության առարկա դառնալ, դեռ պարզ չէ:

Ալեն Սիմոնյանը հորդորում է սպասել իրավապահներին

Վարչապետ Փաշինյանից հայտարարությունից մի քանի օր անց խոսեց նաև Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով մեղադրանքների շարանը կուսակցի հասցեին: Նա էլ պնդեց, թե Սարգսյանը կապեր է ունեցել քրեական հեղինակության հետ, նաև հաշվառումից հանված պետական համարանիշ է ապօրինի օգտագործել: Հայկ Սարգսյանի հետ բաց առճակատման մեջ մտած Սիմոնյանը հորդորում է սպասել իրավապահների բացահայտումներին:

34-ամյա Սարգսյանը իր հարցազրույցից հետո շարունակում է լռություն պահպանել ու չի արձագանքում ոչ կուսակիցների մեղադրանքներին, ոչ էլ լրագրողների զանգերին: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջապատից էր, 2018-ի հեղափոխության առաջին շարքերում էր, սակայն այս բոլոր խնդիրներից հետո ՔՊ-ն նրան իր նախընտրական ցուցակում չընդգրկեց, և հիմա փաստացի չի բացառվում, որ Սարգսյանին հեռացնի կուսակցությունից:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG