Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի և Բաքվի հարաբերություններում լարվածություն չկա, իսկ երկու կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են «բարեկամական մթնոլորտում»։
«Մեզ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ են կապում։ Այդ բարեկամության շնորհիվ ցանկացած հարց կարող ենք շատ հեշտ քննարկել։ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են բարեկամական մթնոլորտում», - ասել է Կոբախիձեն՝ մեկնաբանելով Քուրմուխի վանքի շուրջ առաջացած վեճը, որն ադրբեջանցիներն անվանում են «Քյուրմյուք»:։
Օրեր առաջ Վրաց Պատրիարքությունը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Քուրմուխի Սուրբ Գիորգի եկեղեցում իրականացվող աշխատանքների կապակցությամբ՝ ընդգծելով, որ վանքը վրացական եկեղեցու և պատմության կարևոր հուշարձան է։
Բաքուն կոշտ էր արձագանքել՝ հայտարարելով, որ Վրաց Պատրիարքության մոտեցումը «հակասում է երկու երկրների բարեկամության և գործընկերության ոգուն»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև անընդունելի էր համարել իր տարածքում գտնվող պատմական և աշխարհագրական տեղանունների այլ անվանումներով ներկայացումը և նույնիսկ խորհուրդ էր տվել վրացական եկեղեցուն «չկրկնել Հայկական եկեղեցու մոտեցումը»։
Քուրմուխի վանքի շուրջ տարաձայնությունները նոր չեն․ Վրաստանի ու Ադրբեջանի միջև պարբերաբար խնդիրներ են ծագում նաև սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի պատկանելության և օգտագործման շուրջ։
Բաքուն վերջին շաբաթներին ակտիվորեն Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիներն է ներկայացնում որպես «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն՝ Գանձասարն անվանելով «Գյանջասար», Դադիվանքը՝ «Խուդավենգ»։