Մատչելիության հղումներ

«Առաջարկում ենք հրաժարվել բլոկային քաղաքականության մտածողությունից». ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյան

Կոշտ քննադատելով Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը՝ առաջին նախագահի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսը պնդում է, թե վարչապետ Փաշինյանը հրաժարվում է բոլոր ուղղություններով համագործակցության և հարաբերությունների դոկտրինից, որ Հայաստանն ունեցել է 1991 թվականին անկախություն հռչակելուց ի վեր:

«Սա իրականում հղի է շատ լուրջ հետևանքներով, մասնավորապես, դեպի Հայաստան պրոքսի պատերազմի հրավիրելու նման մի բանով», - այսօր ՀԱԿ-ի հանրապետական խորհրդի նիստից հետո հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Արտախորհրդարանական ուժը, որի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հայկական կողմը հաղթել էր առաջին ղարաբաղյան պատերազմում, պնդում է, թե պետությունն այժմ բախվում է լուրջ մարտահրավերների:

«Խորհրդի նիստից հետո ընդունած հայտարարությունում մենք խոսել ենք Եվրոպական Միություն ընդունվելու այդ հայտի մասին, որը, ըստ էության, ոչնչով պատրաստված չի, քանի որ իշխանության կողմից չեն ներկայացվել պարենային, ռազմական, էներգետիկ անվտանգության որևէ հաշվարկ և հիմնավորվածություն, առավել ևս, որ Եվրոպական Միությունը չունի ընդլայնման ծրագիր դեպի Հարավային Կովկաս։ Հետևաբար, 60.000 քաղաքացու դիմումի վրա ընդունված այս որոշումը [խմբ. - նկատի ունի քաղաքացիական նախաձեռնությամբ անցած տարի ընդունված օրենքը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին] այսօր որևէ այլ զգալի արդյունք չի տվել, քան մեր տնտեսական հարաբերությունների և դիրքերի թուլացումը Եվրասիական տնտեսական միության մեջ», - պնդում է Զուրաբյանը:

Քննադատության մյուս թեման Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող հայ - ամերիկյան
TRIPP նախագիծն է, որը, Զուրաբյանի գնահատմամբ, դարձել է «աշխարհաքաղաքական միակողմանի մի նախագիծ». - «Եվ սպասարկում է շատ կոնկրետ պետությունների շահեր՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների, Իսրայելի, բայց ընկալվում է որպես թշնամական Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից»:

ՀԱԿ-ը սա բնորոշում է որպես «բլոկային քաղաքականություն» և առաջարկում հրաժարվել դրանից:

Վարչապետը հակառակն է պնդում

Մինչ ընդդիմադիր ուժը մեղադրում է իշխանությանը՝ ադրբեջանահաճո և վտանգավոր արտաքին կուրսի համար, Հայաստանի վարչապետը բազմիցս է ընդգծել, որ իր կառավարությունը վարում է բալանասավորված և բալանասավորման քաղաքականություն:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի երրորդ հանրապետությունը 1991-ին հիմնադրվել է «կոնֆլիկտի, հակամարտութան տրամաբանությամբ»: Խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո կառավարության ղեկավարը պնդում է, որ իր հռչակած «չորրորդ Հանրապետությունը ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ»:

Կառավարության գործունեության հնգամյա ծրագրում մասնավորապես, նշված է, որ առաջնահերթություն են Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացում և սահմանազատման գործընթացը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղումը, Իրանի հետ ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների խորացումը, Եվրամիության և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության խորացում և Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխումն և խորացումը:

Ինչ վերաբերում է TRIPP նախագծին, ապա վարչապետը վստահեցնում է, որ այն որևէ մեկի դեմ չէ և գործարկման դեպքում շահավետ է նաև Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի և Իրանի համար:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG