ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հաստատել է Սաուդյան Արաբիային Lockheed Martin ընկերության արտադրության F-35 Lightning II կործանիչների հնարավոր վաճառքը, հայտնում է Reuters-ը։
Վաճառքը կնշանակի ԱՄՆ-ի քաղաքականության զգալի փոփոխություն, որը կարող է փոխել Մերձավոր Արևելքում ռազմական ուժերի հավասարակշռությունը և մարտահրավեր կլինի ԱՄՆ դաշնակից Իսրայելի «որակական ռազմական առավելությունը» պահպանելու Վաշինգտոնի հանձնառությանը:
Սաուդյան Արաբիան ինքնաթիռների համար ուղիղ դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 2025 թվականի սկզբին և վաղուց է հետաքրքրված Lockheed Martin-ի կործանիչով։
Պետդեպարտամենտը հայտնել է, որ 24.3 միլիարդ դոլար գնահատվող գործարքը, որը դեռևս պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից, կներառի 48 ռազմական ինքնաթիռ և 49 Pratt & Whitney շարժիչ, ինչպես նաև կապի սարքավորումներ, պահեստամասեր և այլ օժանդակ պարագաներ։
ԱՄՆ քաղաքականությունը զենքի վաճառքի հարցում
Գործակալությունը նշում է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքի երկրներին զենքի վաճառքը կշռադատում է այնպես, որ Իսրայելը պահպանի «որակական ռազմական առավելությունը»՝ փաստացի երաշխավորելով, որ Իսրայելը ստանա ամերիկյան ավելի առաջադեմ զենք, քան տարածաշրջանային արաբական պետությունները։
Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը ողջունել է հնարավոր վաճառքի այս գործարքը՝ այն որակելով որպես երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության հետագա քայլ։
«F-35-ի առաջարկվող վաճառքը արտացոլում է Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության ուժն ու կայուն բնույթը, ինչպես նաև մեր պաշտպանական համագործակցության շարունակական առաջընթացը», - նշվում է X-ում դեսպանատան էջում տարածված հայտարարությունում։
Ի՞նչ առավելություններ ունի F-35-ը
F-35-ը կառուցված է գաղտնի տեխնոլոգիայով, որի շնորհիվ կործանիչը կարողանում է խուսափել հակառակորդի կողմից հայտնաբերվելուց և համարվում է աշխարհի ամենաժամանակակից կործանիչը։ Իսրայելը շահագործել է այս ինքնաթիռը տասնամյակներ շարունակ՝ կառուցելով բազմաթիվ էսկադրիլիաներ, և մնում է Մերձավոր Արևելքի միակ երկիրը, որն ունի այս համակարգը։
Սաուդյան Արաբիան, որն ԱՄՆ զենքի ամենամեծ գնորդն է, տարիներ շարունակ ձգտել է ձեռք բերել այս կործանիչներից՝ իր ռազմաօդային ուժերը արդիականացնելու և տարածաշրջանային սպառնալիքներին, մասնավորապես՝ Իրանից եկող սպառնալիքներին հակազդելու նպատակով:
Թագավորության կողմից երկու էսկադրիլիա կազմելու նոր ջանքերը տեղի են ունենում այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը հայտարարեց Ռիադի հետ պաշտպանական համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին: Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերն ունի տարբեր կործանիչներ, այդ թվում՝ Boeing F-15, European Tornado և Typhoon ինքնաթիռներ։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախկինում քննարկել էր Սաուդյան Արաբիային F-35-ներ մատակարարելու հնարավորությունը որպես համապարփակ համաձայնագրի մաս, որը կներառեր Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը, չնայած այդ ջանքերը, ի վերջո, փակուղի մտան։
Ռիադին զենքի վաճառքն առաջնահերթություն
Թրամփը Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դարձրել է առաջնահերթություն՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր։ 2025 թվականին Միացյալ Նահանգները համաձայնեց թագավորությանը վաճառել գրեթե 142 միլիարդ դոլարի զենքի փաթեթ, որը Սպիտակ տունն անվանեց Վաշինգտոնի կողմից երբևէ կնքված «պաշտպանական համագործակցության ամենամեծ համաձայնագիրը»։
Կոնգրեսը, սակայն, կարող է դժվարություններ առաջացնել F-35-ի ցանկացած վաճառքի համար: Օրենսդիրները նախկինում կասկածի տակ էին դրել Ռիադի հետ զենքի գործարքները 2018 թվականին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո, և Կոնգրեսի որոշ անդամներ դեռևս զգուշավոր են թագավորության հետ ռազմական համագործակցությունը խորացնելու հարցում:
Թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի «Տեսլական 2030» ծրագրի շրջանակում Սաուդյան Արաբիան իրականացնում է տնտեսական և ռազմական արդիականացման հավակնոտ ծրագրեր: Այն ձգտում է դիվերսիֆիկացնել իր պաշտպանական գործընկերությունը՝ միաժամանակ պահպանելով անվտանգության ոլորտում Վաշինգտոնի հետ իր երկարատև հարաբերությունները: