Ռուսաստանում այսօր մեկնարկել են Պետական դումայի ընտրությունները։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մինչև սեպտեմբերի 20-ը։ Ընտրություններն անցկացվում են Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի և ընդդիմության գործունեության նկատմամբ սահմանափակումների պայմաններում։ Քվեարկություն է կազմակերպվել նաև Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում։
450-տեղանոց Պետդումայի ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն։ Դրանց թվում են իշխող «Եդինայա Ռոսիան», Կոմունիստական կուսակցությունը, ԼԴՊՌ-ը, «Նովիե լյուդին» և «Սպրավեդլիվայա Ռոսիան»։ «Եդինայա Ռոսիա»-ի համամասնական ցուցակը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, առաջին հնգյակում են նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզվող երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։
Պատերազմին դեմ արտահայտվող «Յաբլոկո» կուսակցությունը համամասնական ընտրություններին չի մասնակցում։ Օգոստոսին Ռուսաստանի Գերագույն դատարանը չեղարկել էր կուսակցության դաշնային ցուցակի գրանցումը, իսկ ավելի ուշ մերժել այդ որոշման դեմ բողոքը։ «Յաբլոկո»-ի որոշ թեկնածուներ ընտրություններին մասնակցում են միայն մեծամասնական ընտրատարածքներում։
Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը, արդեն առավոտյան հաղորդումներ են ստացվել ընտրողներին կազմակերպված տեղափոխելու մասին: Իրկուտսկում Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության շտաբը հայտնել է թիվ 603 ընտրատեղամասում ընտրողների անսովոր բարձր մասնակցության մասին: Թեկնածու Վյաչեսլավ Դյուկովը պնդում է, որ Կրասնոյարսկում պետական հատվածի աշխատողներին ավտոբուսներով տեղափոխում են ընտրատեղամասեր:
«Քաղաքացիական միություն» կազմակերպությունը հայտնել է, որ Ուֆայի մի քանի ընտրատեղամասերի մոտ պետական հատվածի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսներ են եղել և պնդում է, որ ընտրողները լուսանկարում են իրենց լրացված քվեաթերթիկները: Այս տեղեկությունների անկախ հաստատում դեռևս չկա:
Պետդումայի նախորդ ընտրություններն անցկացվել էին 2021-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ամիսներ առաջ։ Պաշտոնական արդյունքներով՝ մեծամասնություն էր ստացել իշխող «Եդինայա Ռոսիան»։
Քվեարկությունից երկու օր առաջ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձում ընտրություններին մասնակցությունը կապել էր Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորականներին աջակցելու հետ։