Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ կապերի մեջ մեղադրվող թալիշ հետազոտողին խիստ ռեժիմի բանտ տեղափոխել

Լուսանկարում՝ Իգբալ Աբիլովը, Ադրբեջան
Լուսանկարում՝ Իգբալ Աբիլովը, Ադրբեջան

Ադրբեջանը ցանկանում է բանտարկված թալիշ ակտիվիստ Իգբալ Աբիլովին երեք տարով տեղափոխել խիստ ռեժիմի բանտ, հայտնում է OC Media-ն: Իշխանությունները հայտարարել են, որ Աբիլովը, որը 2025-ին մի քանի մեղադրանքով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, բանտախցում կատարել է խախտումներ, ինչի համար էլ ցանկանում են նրան տեղափոխել:

Աբիլովը Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանի կողմից անցած տարի դատապարտվել է մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ պետական դավաճանության, պետական հեղաշրջման կոչերի և ատելության խոսքի համար։

Բելառուսում բնակվող հետազոտողը ձերբակալվել էր 2024-ի հուլիսին՝ Ադրբեջանում իր հարազատներին այցելելիս։ Նրա ձերբակալությունից հետո իշխանամետ լրատվամիջոցները հրապարակել են լուրեր, որոնցում պնդում է արվում, որ նա համագործակցել է Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ։

Միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներ Աբիլովին քաղբանտարկյալ են ճանաչել։

Իքբալ Աբիլովի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարել է, որ նա չի զբաղվել քաղաքական գործունեությամբ, այլ կենտրոնացել է բացառապես ակադեմիական հետազոտությունների և մշակութային ժառանգության պահպանման վրա։

Հանձնաժողովը հայտնել է, որ լսումների ժամանակ Քրեակատարողական ծառայության թիվ 12 բանտի ղեկավարությունը հայտարարել է, որ Աբիլովը խախտել է բանտային կանոնակարգը և ներկայացրել է 22 էջանոց զեկույց, որտեղ մանրամասն նկարագրված են ենթադրյալ խախտումները։

Պաշտպանական կողմը, սակայն, նշել է, որ ո՛չ Աբիլովը, ո՛չ էլ նրա փաստաբանը նախապես տեղեկացված չեն եղել զեկույցում նշված ենթադրյալ խախտումների կամ կարգապահական նկատողությունների մասին: Փաստաթուղթը լսումներից առաջ պաշտպանության կողմին չի տրամադրվել:

Պաշտպանության կողմի պնդմամբ՝ Աբիլովը կալանքի ընթացքում չի խախտել բանտի կանոնակարգը. նրանք նաև պնդում են, որ պարզ չէ, թե ինչ ապացույցների վրա են հիմնված մեղադրանքները։

Աբիլովի փաստաբանը դատարանին միջնորդել է հետաձգել նիստը և պաշտպանության կողմին հնարավորություն տալ ծանոթանալու և ուսումնասիրելու փաստաթղթերը: Միջնորդությունը դատարանը բավարարել է: Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 12-ին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG