Մատչելիության հղումներ

Գազայում խաղաղ բնակիչների սպանությունների մասին ֆիլմը՝ Վենետիկի «Ոսկե առյուծի» մրցույթում

Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է Գազայում Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների սպանություններին անդրադարձող վավերագրական ֆիլմը։ Սա արդեն երկրորդ տարին անընդմեջ է, երբ հակամարտությանը վերաբերող նման քաղաքականապես զգայուն ֆիլմ պայքարում է հեղինակավոր «Ոսկե առյուծի» համար։

Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ իսրայելցի ռեժիսորներ Յուվալ Աբրահամի և Ռեյչել Սորի «NAZA» ֆիլմը սեպտեմբերի 2-ից 12-ը կայանալիք փառատոնի հիմնական մրցութային ծրագրում կներգրավվի։ Այն այս տարվա 21 մրցութային ֆիլմերից միակ վավերագրականն է։

Անցյալ տարի «The Voice of Hind Rajab» ֆիլմը, որը պատմում է իսրայելական կրակի տակ մեքենայում հայտնված Գազայից փոքրիկ աղջկա կյանքի վերջին ժամերի մասին, Վենետիկում արժանացել էր երկրորդ մրցանակին։ Ֆիլմի պրեմիերայից հետո հանդիսատեսը 23 րոպե անդադար ծափահարում էր։

Փառատոնի հրապարակած համառոտագրի համաձայն՝ «NAZA»-ն նկարահանվել է գիշերային ժամերին Թել Ավիվի տանիքներին և «մանրամասն բացահայտում է Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների հետևում կանգնած համակարգերը»։

«NAZA»-ի պրոդյուսերներն են բրիտանական Guardian թերթը և Ջեյմս Ուիլսոնը, իսկ գործադիր պրոդյուսերը «Օսկարակիր» ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերն է, որը 2023 թվականին նկարահանել է Հոլոքոստի մասին «The Zone of Interest» ֆիլմը։

«NAZA»-ի պրեմիերան Վենետիկում նախատեսված է սեպտեմբերի 10-ին։ Ֆիլմը կմրցի այնպիսի հայտնի ռեժիսորների նոր աշխատանքների հետ, ինչպիսիք են Մարտին ՄակԴոնան, Ֆլորիան Զելլերը, Դենի Բոյլը, Վերներ Հերցոգը և Հիրոկաձու Կորեեդան։

XS
SM
MD
LG