Մատչելիության հղումներ

Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին մեղադրել է փաստաթղթեր կեղծելու մեջ

Ռուսլան Կրավչենկո, Ուկրաինայի գլխավոր դատախազը, արխիվ
Ռուսլան Կրավչենկո, Ուկրաինայի գլխավոր դատախազը, արխիվ

Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) տնօրեն Սեմյոն Կրիվոնոսին մեղադրել է փաստաթղթեր կեղծելու մեջ: Կրավչենկոն, որն այս պահին Ուկրաինայում չէ, մեղադրանքների մասին հայտարարել է իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում, տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը։

Կրավչենկոն սեպտեմբերի 8-ին էր հրաժարական ներկայացրել, երբ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (SAPO) «Կարթագեն» անունն ստացած համատեղ գործողության արդյունքում կալանավորեցին Գլխավոր դատախազության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Սերգեյ Կրոպիվային, և դատախազության մեկ այլ աշխատակից Ելիզավետա Իվախնենկոյին:

Բյուրոն հայտարարեց, որ բացահայտել է հանցավոր կազմակերպություն, որի անդամները «ստացել են ապօրինի օգուտ խարդախությամբ զբաղվող զանգերի կենտրոններից և միլիոնավոր դոլարների հարստություն լվացել»: Ըստ իրավապահների՝ հենց Սերգեյ Կրոպիվան է եղել կազմակերպիչը:

Ուկրաինայի գլխավոր դատախազը պնդում է, որ «Կարթագեն» գործողության նպատակն էր ձեռք բերել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության ղեկավարների և աշխատակիցների վերաբերյալ նյութեր, որոնցից մի քանիսը, ի վերջո, «գողացվել են»։

«Իհարկե, հավաքված ապացույցների հիման վրա ես ստորագրել եմ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսի դեմ կասկածի մասին ծանուցում։ Ես կասկածում եմ նրան անօրինական օգուտներ ստանալու համար պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և ֆիկտիվ որդեգրում կատարելու մեջ», - Կրավչենկոյի խոսքերն է մեջբերում Hromadske լրատվականը։

Երկրորդ կասկածը, ըստ նրա, վերաբերում է Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության ղեկավար Ալեքսանդր Կլիմենկոյի մտերիմ անձին։ Նա պնդել է, որ այս կառույցի ղեկավարը նշված անձի ազդեցության տակ է, «նրան անհիմն արտոնություններ է առաջարկել և օգնել է խուսափել զորակոչից»։ Կրավչենկոն պնդում է, որ ինքը որևէ գործողություն չի ձեռնարկել, քանի որ իրեն «զսպել» են նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաև այս երկու կառույցները, որոնք նրան առաջարկել են «անձեռնմխելիություն՝ կասկածից հրաժարվելու դիմաց»։

Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը հայտարարել են, որ «այս գործողությունները դիտարկում են որպես անկախ հակակոռուպցիոն մարմինների վրա համակարգային հարձակման շարունակություն»։

«Այս հարձակումը այսօր չի սկսվել։ Դրա ակտիվ փուլը սկսվել է անցյալ ամռանը, երբ հիմնական նպատակներից մեկը Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությանը գլխավոր դատախազի գրասենյակին ենթարկելն էր», - ասվում է հայտարարությունում:

Ազգային հակակոռուպցիոն բյուրոն նաև հայտարարել է, որ տնօրեն Սեմյոն Կրիվոնոսի նկատմամբ պաշտոնապես կասկածի մասին ծանուցում բյուրոն չի ստացել, նաև բյուրոն չի վերացրել որևէ քրեական գործ, ինչի մասին հայտարարել է գլխավոր դատախազը, իսկ նրա պնդումները «չեն համապատասխանում իրականությանը»։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ գլխավոր դատախազը միայն մեկ տարբերակ ունի՝ հեռանալ պաշտոնից։ «Հենց դա էլ ես նրան ասել եմ։ Ուկրաինան տեսել է բոլոր պատճառները։ Եթե նա սա քաղաքական ճնշում է համարում, թող այդպես անվանի։ Ես խնդրում եմ պատգամավորներին անհապաղ աջակցել նրա հեռանալուն»,- գրել է նա։

Գլխավոր դատախազի հրաժարականի դիմումից հետո հարկավոր է, որ այն հաստատի երկրի խորհրդարանը՝ Գերագույն ռադան:

«Ուկրաինսկայա պրավդան» տեղեկացնում է, որ Կրավչենկոն Ուկրաինան լքել է կառավարական մեքենայով սեպտեմբերի 14-ի գիշերը: Կրավչենկոն ավելի ուշ հաստատել է, որ երկրում չէ, «գործուղման» է, որի ընթացքում «նախատեսվում են մի շարք հանդիպումներ»: Նա նաև նշել է, որ «մտադիր է միջազգային գործընկերներին տեղեկացնել կոռուպցիայի դեմ պայքարի համակարգում տիրող իրական վիճակի, նրանց անվերահսկելի ազդեցության կենտրոնացման նշանների և այս պրակտիկայի հետևանքով Ուկրաինայի պետական ինքնիշխանության, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների համար առաջացող ռիսկերի մասին»:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG