Մատչելիության հղումներ

Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Ռուսլան Կրավչենկո, Ուկրաինայի գլխավոր դատախազը
Ռուսլան Կրավչենկո, Ուկրաինայի գլխավոր դատախազը

Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Ռուսլան Կրավչենկոյի հրաժարականը տեղի է ունենում դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի նկատմամբ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված (SAPO) հակակոռուպցիոն դատախազության նախաձեռնած հետաքննության ֆոնին: Վերոհիշյալ դատախազը մեղադրվում է խարդախությամբ զբաղվող զանգերի կենտրոններին հովանավորելու մեջ։

Ռուսլան Կրավչենկոն երեկ երեկոյան Telegram-ում էգրել, որ «քաղաքական» որոշել է հրաժարական տալ, քանի որ չի ցանկանում, որ «գլխավոր դատախազի պաշտոնը որպես քաղաքական բախման գործիք օգտագործվի»։ Թեև նույն օրն ավելի վաղ նա հայտարարել էր, որ հրաժարական չի տա։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Կրավչենկոն երեկ այդ գրառումից առաջ հանդիպել էր նախագահ Վլադիմիր Զելենսկի հետ:

Գլխավոր դատախազի գրասենյակում սեպտեմբերի 4-ին իրավապահները խուզարկություն էին անցկացվել՝ չնայած գրասենյակը սկզբում հերքել էր լուրը: Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության քննիչները ձերբակալել էին գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Սերգեյ Կրոպիվային, որին ավելի ուշ կալանավորել են:

Հակակոռուպցիոն քննիչները պնդում են, որ Կրոպիվան ղեկավարել է հանցավոր կազմակերպություն, որի անդամները կաշառք են ստացել խարդախությամբ զբաղվող զանգերի կենտրոններից։ Կալանավորվել են նաև երկու այլ դատախազներ։

Գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյին մեղադրանք չի առաջադրվել։

Նախագահ Զելենսկիի կառավարության պաշտոնյաների անուններն առաջին անգամ չէ, որ կապվում են կոռուպցիոն գործերի հետ: 2025-ի նոյեմբերին իրավապահները խուզարկեցին նախագահի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Անդրեյ Երմակի տունը: Նա կասկածվում է փողերի լվացման։ Երմակն օրեր անց ազատման դիմում գրեց, իսկ արդեն 2026-ի մայիսին կալանավորվեց, նախքան կազատվեր գրավի դիմաց: Նա հերքում է մեղադրանքները:

Երմակի անունը կապվում էր նաև էներգետիկ ոլորտի կոռուպցիոն սկանդալի հետ: Այս գործի շրջանակում մի շարք պաշտոնյաներ մեղադրվում էին հանցավոր սխեմաներով մոտ 100 մլն դոլարի կաշառք վերցնելու և փողերի լվացման համար: Էներգետիկ ոլորտում պայթած սկանդալի պատճառով աշխատանքից ազատվեցին էներգետիկայի նախարարը, նրա տեղակալը, արդարադատության նախարարն ու էներգետիկ ոլորտի մի շարք մարզային ընկերությունների ղեկավարներ: Ըստ մամուլի հրապարակումների՝ կոռուպցիոն սխեմայի կենտրոնում կանգնած էր գործարար Տիմուր Մինդիչը, որը նախագահ Զելենսկիի վաղեմի գործընկերն է։ Վերլուծաբանները նույնիսկ գրում էին, որ այս սկանդալը վտանգում է նաև նախագահի դիրքերը:





Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG