Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ էր Բաքու մեկնել Երևանում ԱՄՆ գործերի հավատարմատարը. դեսպանատունը որոշ մանրամասներ է փոխանցում

Բաքու - Ադրբեջանի փոխարտգործնախարարն ընդունում է Երևանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին, 8-ը սեպտեմբերի, 2026թ.
Բաքու - Ադրբեջանի փոխարտգործնախարարն ընդունում է Երևանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին, 8-ը սեպտեմբերի, 2026թ.

Թրիփի շինարարության մեկնարկը տեղափոխվել է հաջորդ տարի, Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատարի Բաքու կատարած այցից հետո հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարը: Որ աշխատանքները հաջորդ տարեսկզբին կմեկնարկեն, օրերս չէր բացառել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:

ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենին երեկ Բաքվում ընդունել էր Ջեյհուն Բայրամովի տեղակալը:

Պաշտոնական Բաքուն առանց փակագծեր բացելու արձանագրային հայտարարություն էր տարածել. - «Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման քայլերը, «Թրամփի ուղու» ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև TRIPP զարգացման ընկերության ստեղծումը»:

Երեկվանից թե Հայաստանում, թե Ադրբեջանում ՄՆ-ի դեսպանությունները ամերիկացի դիվանագետի հանդիպմանը դեռ պաշտոնական հաղորդագրությամբ չեն անդրադարձել: Բայց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան խոսնակը «Ազատությանը» այցի նպատակի մասին որոշ տեղեկություններ փոխանցել է:

«Քանի որ TRIPP-ը տեսլականից անցնում է իրականացման փուլ, այս վարչակազմի առաջնահերթությունը պահանջում է տարածաշրջանային սերտ համակարգում։ Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանությունները համատեղ աշխատել են Գործերի ժամանակավոր հավատարմատարի՝ Բաքու այցի կազմակերպման ուղղությամբ՝ աջակցելու TRIPP-ի լիարժեք իրականացմանն ու ԱՄՆ-Հայաստան շրջանակային համաձայնագրով ստանձնած հանձնառություններին», - հայտնել են Երևանում ԱՄՆ դեսպանատնից:

Ադրբեջանի արտգործնախարարն իր հերթին այսօր միայն հավելել է, որ ամերիկացի գործըներները կանոնավոր կերպով իրենց տեղեկություններ են փոխանցում հայ-ամերիկյան Թրիփ նախագծի մասին:

«Դա միանգամայն բնական է: Քանի որ այդ նախագծի իրականացումն առանց Ադրբեջանի մասնակցության անհնար է: Մեզ հաղորդում են, որ աշխատանքը շարունակվում է: Ֆիզիկական աշխատանքների սկիզբը տեղափոխվել է 2027 թվական», - ասել է Ջեյուն Բայրամովը:

Հենց TRIPP-ի զարգացման ընկերությունն է զբաղվելու Թրիփի շինարարությամբ: Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղու վերաբերյալ համաձայնագիրն արդեն վավերացման փուլում է: Հայ-ամերիկյան այդ ընկերությունում, ըստ ստորագրված փաստաթղթի, Հայաստանի մասնաբաժինն առաջին 50 տարիներին 26, Ամերիկայինը՝ 74 տոկոս կլինի:

Այցը «զարմանալի չէ»

Որ երեկ Բաքվում նման հանդիպում է տեղի ունեցել, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական նախագահը տեղյակ չէր, բայց Հայաստանում դիվանագիտական գործունեություն իրականացնող Ալենի այցը նրան չէր զարմացրել։

«Այս ուղով Ադրբեջանի Հանրապետությունը կապվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, ուստի ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ TRIPP-ը հնարավորինս արագ, արդյունավետ, որակյալ իրագործվի, որպեսզի իր կապը Նախիջևանի հետ կարճանա և ավելի արդյունավետ դառնա։ Եվ, բնականաբար, Ադրբեջանը ևս հետաքրքրվում է, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում TRIPP-ի շուրջ։ Էս հարցերը Հայաստանը և Ադրբեջանը միմյանց հետ էլ են քննարկում երկկողմ ֆորմատում, էստեղ պետք չի զարմանալ», - ասում է Սարգիս Խանդանյանը:

Իսկ Հայաստանը լիազորե՞լ է Միացյալ Նահանգներին Բաքվում իր տարածքով անցնող ճանապարհի մասին քննարկումներ անել․ - «Եկող շաբաթ մենք ունենք հյուրեր Գերմանիայից։ Ես պատրաստվում եմ նաև գերմանացի մեր գործընկերների հետ քննարկել TRIPP-ի մանրամասները։ Եվ ես լիազորություն չունեմ, կարիք չունեմ Միացյալ Նահանգներից ինձ լիազորման, որ խոսեմ էդ մասին», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:

Հայաստանը տարբեր փաստաթղթերով պարտավորվել է «TRIPP»-ով նաև անխոչընդոտ անցուդարձ ապահովել։ Ու չնայած դրանցում խոսվում է փոխադարձ առավելությունների մասին, բայց Բաքուն մեկ տարի է՝ չի շտապում հստակեցնել՝ հայաստանցիների անցման պայմաններն է՞լ նույնը կլինեն։ Արդյո՞ք Երևանը պնդում է փոխադարձությունը: Թե ի՞նչ մոդել ու ի՞նչ տեխնիկական հագեցվածություն կունենա ադրբեջանական կողմը, Սարգիս Խանդանյանը երկրորդական համարեց. - »Իհարկե, շատ լավ կլինի, որ դա լինի հնարավորինս արագ և արդյունավետ»։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ է Ադրբեջանի համար դա կարևոր հարց, Հայաստանի համար երկրո՞րդական, պատգամավորն արձագանքեց. - «Դե, Ադրբեջանը, ինչպես նշեցի, ուզում է ավելի կարճ և արդյունավետ կապվել իր տարածքի մեկ այլ հատվածի հետ՝ Նախիջևանի հետ: Բայց մեր համար էլ է դա լավ, մենք էլ ենք ուզում, որ այդ ճանապարհը լինի հնարավորինս արագընթաց և առանց լրացուցիչ բարդությունների»։

Ինչ են հասկացել փորձագետները

Միացյալ Նահանգներ-Իրան-Իսրայել պատերազմը չի ավարտվում, ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծելու Վաշինգտոնի ջանքերը արդյունք չեն տալիս, Միացյալ Նահանգներում միջնաժամկետ ընտրությունների թեման կա․ այս ամենը թվարկելով՝ « ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը կարծում է՝ Թրամփի վարչակազմը շահագրգռված է, որ Ադրբեջանը հավելյալ խոչընդոտներ չստեղծի գոնե TRIPP-ի իրականացման հարցում։

«Ամերիկացիները ցանկանում են Թրիփ-ը ներկայացնել որպես խաղաղության պրոցեսի մաս։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փաստացի շարունակում է խաղաղության գործընթացը տորպեդահարել։ Հենց այսօր Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց՝ քանի դեռ իրենց պահանջով Սահմանադրությունից չի հանվել Անկախության հռչակագրի մասին հղումը, Հայաստանը պետք է մոռանա խաղաղության պայմանագրի ստորագրման մասին», - նկատում է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետը:

Փորձագետը չի բացառում, որ Դեյվիդ Ալենը այցի ընթացքում փորձել է Ադրբեջանին համոզել առաջ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, կամ նախքան պայմանագիրը չխոչընդոտել հայ-թուրքական կարգավորմանը։ Այսօր, սակայն, Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցում անփոփոխ դիրքորոշում ունեն, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրեն միայն Սահմանադրությունից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին ձևակերպում պարունակող Անկախության հռչակագրին հղումը հանելուց հետո:

Եթե երեկվա հանդիպումից հետո էլ Բաքուն իր կարծր դիրքորոշումից չի նահանջում, արդյո՞ք չի նշանակում, որ առաջընթաց այդ հարցում չկա։

«Եթե այցի ընթացքում քննարկել են նաև այդ հարցը, որ եկեք ամեն դեպքում առաջ մղենք կարգավորման գործընթացը, այո, կարող ենք արձանագրել, որ գոնե այդ հարցում առաջընթաց չկա», - եզրակացնում է Բենիամին Պողոսյանը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG