Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսությանը դժվար ժամանակներ են սպասվում առաջիկայում, իսկ երկրի բնակչությունը պետք է սկսի վառելիքի պաշար հավաքել:
«Ամերիկացիները պետք է սկսեն մտածել բենզինի և վառելիքի պաշարներ կուտակելու մասին: Ամերիկյան տնտեսությանը մռայլ ամիսներ են սպասվում»,- սոցցանցում գրել է Մոհամմադ Ռեզա Արեֆը:
Իրանցի պաշտոնյան նաև զգուշացրել է, որ իրանական զինուժն «ասիմետրիկ» պատասխաններ կտա, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի Իրանի վրա:
«Այսուհետ մեր պատասխանը կլինի ասիմետրիկ, բազմաշերտ և կզրկի ագրեսորին անվտանգությունից», - սոցցանցում գրել է Արեֆը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն իր գործողություններով փոխել է Թեհրանի անվտանգության և պաշտպանության հաշվարկները:
Չնայած ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ ամերիկյան զինուժն ամբողջական վերահսկություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ, ջրային այս կարևորագույն ուղիով քիչ թվով նավեր են անցնում: Պատերազմից առաջ Հորմուզով տեղափոխվում էր աշխարհում սպառվող նավթի և գազի մոտ 20 տոկոսը:
Մոհամմադ Ռեզա Արեֆի հայտարարությունից ժամեր առաջ Իրանի բանակը հայտարարեց, որ այսօր հարվածներ է հասցրել Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին՝ պնդելով, որ դրանք «կարևոր դեր է խաղում» տարածաշրջանում ԱՄՆ ուժերին և նրանց օդային ու հետախուզական գործողություններին աջակցելու գործում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ մինչ այդ հայտարարել էր, որ Իրանի դեմ վերսկսված ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի, սակայն Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել։