Մատչելիության հղումներ

Փաշինյանը Բիշքեկում է, կհանդիպի Պուտինի հետ

Արխիվ
Արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան։

Կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը մայրաքաղաք Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին։

Բիշքեկում դիմավորում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Բիշքեկում դիմավորում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բիշքեկ է ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Վաղը սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։ Սա հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը կլինի։

Օգոստոսի 28-ին նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ նախագահ Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում հանդիպում կանցկացնի վարչապետ Փաշինյանի հետ՝ քննարկելով Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ձգտումները։

«Մենք նախկինի պես պնդում ենք, որ Հայաստանը չի կարող ձգտել Եվրամիությանն անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունից: Այս հարցը ինչ-որ կերպ պետք է հանգուցալուծել: Այս մասին նախագահն ու վարչապետը, անկասկած, կխոսեն», - նշել է Պուտինի օգնականը:

Ուշակովը նաև ասել է, որ Կրեմլը մտահոգված է Հայաստանում Ռուսաստանի հետ ավելի լավ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից ընդդիմադիր առաջնորդների զանգվածային ձերբակալություններով:

«Զրույցը տեղի կունենա Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների անսովոր ֆոնի վրա», - ասել է ՌԴ նախագահի օգնականը, մանրամասնելով՝ նկատի ունի այն առաջնորդներին, ովքեր պաշտպանում են և պաշտպանել են Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը։

Նախօրեին էլ լրագրողների հետ զրույցում Պուտինի խոսնակն էր անդրադարձել սպասվող երկխոսությանը․ «Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Եվ, իհարկե, հայերն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը։ Եվ մենք առաջարկում ենք, որ նրանք հենց դա անեն՝ հանրաքվե անցկացնեն», - ընդգծել էր Դմիտրի Պեսկովը։

Մոսկվայից հետևողականորեն հայտարարում են՝ միաժամանակ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնար է։ Պնդում են՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև:

Փաշինյանը նախորդ շաբաթ Ազգային ժողովում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:


XS
SM
MD
LG