Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս չի հրապարակում իր դիրքորոշումը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ից առաջադրված Լիաննա Մանուկյանի ընտրության հարցում:
Նախօրեին ՔՊ-ն դեմ էր քվեարկել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Հայկ Ֆարմանյանին:
Իշխող խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը կարտահայտեն քվեարկությամբ, վերջում հաջողություն մաղթեց Լիաննա Մանուկյանին: Արդյո՞ք սա նշանակում է, որ կողմ են քվեարկելու, պարզ չէ:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա 16:50-ին և կտևի 45 րոպե:
Չնայած ՔՊ-ն չի հստակեցնում, թե ինչ որոշում ունի, բայց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե ընդդիմադիր խմբակցություններում քանի բացակա կա: Ենթադրվում է, որ այս անգամ իշխող ուժը կողմ կքվեարկի «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին: Հենց «Քաղաքացիական պայմանագրի» քվեարկության արդյունքներից է կախված՝ Լիաննա Մանուկյանը կընտրվի, թե՞ ոչ:
Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների թեկնածուներն ընտրվեցին Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներ, «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր երեք թեկնածուներն էլ չընտրվեցին:
Առանց ՔՊ-ի ընդդիմադիրներն ընտրվելու շանս չունեն: «Ուժեղ Հայաստան»-ից մյուս երկու հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուների անունները չեն հրապարակում: Խմբակցության քարտուղարը հստակ չպատասխանեց նաև «Ազատության» հարցին՝ փոխելո՞ւ են մյուս երկու թեկնածուներին, թե՞ ոչ: