Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ են հետաձգվում սուբվենցիոն ծրագրերը. Լոռու մարզպետի և ՏԿԵ նախարարի բացատրությունները տարբեր են

Վանաձորի կենտրոնական հրապարակը, արխիվ
Վանաձորի կենտրոնական հրապարակը, արխիվ

«Էն մարդիկ, ովքեր նման պնդում են անում, իրենք ստում են, և խնդրում եմ ձեզ չհավատալ որևէ ստահոդ պնդման». - Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի զայրույթի, «անգրագետ» ու «ստախոս» որակումների կողքին անհերքելի փաստեր են՝ տարեսկզբին խոստացված 35 միլիոն դոլարի սուբվենցիոն ծրագրերի հիմնական մասը այս տարի չի իրագործվի:

«Օրինակ՝ չեն հասկանում, որ հայտարարում ենք, որ ավագանին հաստատեց այս ծրագիրը, դեռ դա պետք է տրվի նախագծի մրցույթի, տեխառաջադրանք կազմվի, նախագիծը գնա փորձագիտական եզրակացություն ստանա, հետո գնա Կառավարություն հաստատվի, հետո հետ գա համայնքին, հետո հայտարարվի շինարարության մրցույթ, եթե ձեռք բերվի արդեն, պայմանագիր կնքվի բուն շինարարական աշխատանքների իրականացման: Գիտելիքի պակաս ունեն մարդիկ երևի, և դրանից անում են պնդումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում», - հայտարարեց Մկրտչյանը:

Մինչ մարզի ղեկավարը պնդում է, թե աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են, Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը հաստատում է՝ ծրագրերը հետաձգվում են, ու ոչ միայն Վանաձորում: Պատճառը համայնքների կողմից փաթեթների ուշացումն է:

«Խոսքը բացառապես վերաբերվում է ժամկետի խախտումով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված սուբվենցիոն ծրագրերին, երբ որ մենք տարեսկզբին սուբվենցիոն աշխատանքների համար ժամկետ ենք սահմանում մինչև, օրինակ, ապրիլի 1-ը, երբեմն ստիպված ենք լինում մայիսին, հունիսին, հուլիսին ստացած հայտերը դիտարկել էդ տարվա ընթացքում շինաշխատանքներ իրականացնելու համար: Բայց էս պրոցեսը անվերջ շարունակվել չի կարող, և մի պահից առաջարկում ենք համայնքներին էդ աշխատանքները աել հաջորդ տարի», - ասաց նախարարը:

Անցած տարեվերջից իշխանությունները հանրությանը ներկայացնում էին միլիարդավոր դրամների հասնող նախագծեր, էսքիզներ ու հավաստիացնում, թե դրանք կյանքի են կոչվելու հենց 2026-ին:

«Ավելի քան 16 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ փաթեթի մասին է խոսքը, և Երրորդ Հանրապետության ընթացքում Վանաձորի համար մեկ տարվա համար նախատեսված սա աննախադեպ բյուջե է և աննախադեպ ծրագրային փաթեթ», - վստահեցնում էր Մկրտչյանը:

Այսօր, սակայն, մարզի ղեկավարը պարզաբանում է, թե խոսքը միայն ավագանու կողմից հաստատված լինելու մասին էր. - «Օրինակ՝ չեն հասկանում, որ հայտարարում ենք, որ ավագանին հաստատեց այս ծրագիրը, դեռ դա պետք է տրվի նախագծի մրցույթի, տեխառաջադրանք կազմվի, նախագիծը գնափորձագիտական եզրակացություն ստանա, հետո գնա Կառավարություն հաստատվի, հետո հետ գա համայնքին, հետո հայտարարվի շինարարության մրցույթ, հետո ձեռք բերվի արդեն, պայմանագիր կնքվի բուն շինարարական աշխատանքների իրականացման: Գիտելիքի պակաս ունեն մարդիկ երևի»:

Սա նշանակում է, որ ծրագրերը դեռ պետք է անցնեն բյուրոկրատական երկարատև շրջապտույտով: Թե երբ կավարտվի այս ընթացակարգը, ոչ ոք չի նշում, փոխարենը՝ չիրականացված խոստումները ակտիվ քարոզչություն են դառնում առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ:

Վանաձորում պատկերն այսպիսին է՝ տարվա 8-րդ ամսում, խոստացված 42 փողոցներից շուտով շինարարություն կսկսվի միայն 5-ում, իսկ 5 միլիարդ դրամանոց ճանապարհաշինական փաթեթների մեծ մասի նախագծերն անգամ պատրաստ չեն: Սուբվենցիայով նախատեսված 150 բակերից որևէ մեկում աշխատանք չի ընթանում: Մարզպետն ասում է՝ նախագծման փուլում են: Իսկ համայնքային բյուջեով իրականացվող եզակի շինարարություններում ակնառու թերություններ կան. Թատերական փողոցում, օրինակ, ասֆալտապատումն անելիս դիտահորը պարզապես ծածկել են ասֆալտով ու ջրահեռացման համար երկու անցք բացել:
Քննադատություններին ի պատասխան՝ մարզպետ Արեն Մկրտչյանը մատնացույց է անում համայնքային բյուջեով ընթացող գնումները, ինչպիսին է 50 վերելակների կամ 45 ավտոբուսների ձեռքբերումը: Բայց սրանք նույնպես համայնքային միջոցներով են իրականացվում: Կառավարության համաֆինանսավորման դեպքում եղած գումարը գրեթե կրկնապատկվում է: Բացի այդ՝ ավտոբուսների մասով էլ խախտվել է «կանաչ քաղաքի» խոստումը՝ էլեկտրականի փոխարեն գնվել են դիզելային ավտոբուսներ:

«Մենք տարեվերջին կունենանք ավտոբուսները՝ 19 ուղևորի համար նախատեսված», - ասում է մարզպետը:

Ըստ Կառավարության սահմանած կարգի՝ համայնքները սուբվենցիոն հայտերը մարզպետարան պետք է ներկայացնեն մինչև տվյալ տարվա մարտի 16-ը: Ստեղծված խառնաշփոթն ու ուշացումները մեղմելու համար Տարածքային կառավարման նախարարությունն առաջին անգամ թույլատրել է 2027-ի հայտերը ներկայացնել մինչև այս տարվա վերջ, որպեսզի հանձնաժողովները հասցնեն դրանք ուսումնասիրել և վերջնական եզրակացություն տալ: Այդ մասին հայտնում է նախարար Դավիթ Խուդաթյանը:

«2026 թվականին մինչև տարեվերջ կամփոփենք ամբողջությամբ, միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը կանենք, և հաստատվող հայտերի դեպքում արդեն համայնքները կկարողանան 2027 թվականի օրացուցային տարվա մեկնարկից սկսած շինաշխատանքներ իրականացնել», - նշեց Խուդաթյանը:

Մինչ նախարարը վստահեցնում է, թե առանց հետին մտքերի՝ զուտ համայնքների կողմից նախագծերը ուշացնելու պատճառով են այս տարվա սուբվենցիոն ծրագրերը տեղափոխում հաջորդ տարի, Կապանի համայնքապետարանից «Ազատությանը» փոխանցել են, որ ճիշտ ժամանակին այս տարի համայնքի համար կարևոր և առաջնահերթ չորս հայտ են ներկայացրել հաստատման, բայց իրենք էլ դրանք 2027 տեղափոխելու մի գրություն են ստացել Սյունիքի մարզպետարանից.

«Այս տարվա հուլիսին Սյունիքի մարզպետի աշխատակազմից ստացվել է գրություն, որով առաջարկվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում չքննարկված սուբվենցիոն հայտերը ներկայացնել որպես 2027 թվականի հայտեր՝ առանց պատճառների վերաբերյալ հավելյալ հիմնավորման։ Ընդ որում, Կապան համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերի թերի լինելու վերաբերյալ դիտողություններ չեն ներկայացվել։ Ըստ մեր ունեցած տեղեկատվության, հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովում նշված գրությունից հետո կայացել են նիստեր, և համաձայնություն է տրվել այլ համայնքների կողմից ներկայացված մի շարք սուբվենցիոն հայտերի»:

Կապան համայնքի աշխատակազմը տեղեկացրել է, որ «համայնքապետարանը նախատեսում է Կառավարության հետաձգած ճանապարհները նորոգել համայնքի միջոցներով»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG