Մատչելիության հղումներ

Վանաձորում 200-ամյակի տոնակատարության շուրջ աղմուկ է հասունանում

Քաղաք, որն իր տարիքի մասին տեղեկանում է մի համերգի ժամանակ, և բյուջե, որը դատարկվում է չպլանավորված ծախսերի պատճառով:

Վանաձորում 200-ամյակի տոնակատարության շուրջ աղմուկ է հասունանում: Մինչ քաղաքապետարանի աշխատակազմը հաստատված փաստ է համարում քաղաքի երկդարյա պատմությունն ու 100 հազար դոլար ծախսում տոնի համար, արխիվային փաստաթղթերն ու փորձագետները բոլորովին այլ իրականություն են ներկայացնում:

Ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը նշվող քաղաքի տոնից բացի, որը դեռ 30 տարի առաջ սահմանել էր Վանաձորի առաջին ավագանին, այս տարի հունիսի 9-ին կենտրոնական հրապարակում 25 միլիոն դրամ արժեցած մի տոնական համերգ տրվեց: Դրա նախօրեին շոու բիզնեսի ներկայացուցիչներն էին հայտարարել, թե գալիս են Վանաձոր մեծ համերգով՝ նվիրված քաղաքի 200-ամյակին:

Հենց այդ ժամանակ վանաձորցիները տեղեկացան, որ իրենց քաղաքը 200 տարեկան է: Քաղաքապետի խորհրդական Արման Բերնեցյանն ասում է՝ 1971 թվականին հրատարակված Խորհրդային հանրապետությունների վարչատարածքային բաժանման մասին տեղեկագիրքն են հիմք ընդունել, որտեղ նշված են Հայաստանի քաղաքների հիմնադրման տարեթվերը: Մասնագիտությամբ պատմաբան Բերնեցյանն ասում է՝ սա նախկինում դուրս էր մնացել իրենց աչքից: Բայց ասում է, դեռ Թբիլիսիի արխիվ հարցում կանեն՝ 200-ամյակի ապացույցներ ստանալու ակնկալիքով:

Մինչ այդ գումարներ են ծախսվում ու նոր ծախսեր նախատեսվում քաղաքի 200-ամյակի առիթով:

Մինչդեռ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար, ՏԻՄ հարցերով փորձագետ Գևորգ Քոթանջյանն արդեն իսկ հայաստանյան արխիվներից ստացած փաստեր ունի: Ըստ այդ նյութերի՝ Ղարաքիլիսան մինչև 1924 թվականը գյուղ է եղել, իսկ քաղաքի կարգավիճակ ստացել է հենց 102 տարի առաջ: Ստացվում է՝ երկու տարի առաջ բաց թողնված 100-ամյակի փոխարեն քաղաքապետարանն այսօր նշում է դեռ չապացուցված 200-ամյակը:

Քոթանջյանը խնդրահարույց է համարում, որ նման տոնը սահմանել է ոչ թե ավագանին, այլ քաղաքապետարանի աշխատակազմը: Ընդ որում, 200-ամյակին նվիրված հունիսի 9-ի համերգից ընդամենը 4 օր առաջ, առանց մրցույթի՝ մեկ անձից գնման սկզբունքով, պայմանագիր են կնքել «Կարապետ Կարապետյան» ԱՁ-ի հետ: Համերգից մեկ օր առաջ 11,5 միլիոն դրամի մի մրցույթ էլ հայտարարել են մինչև տարեվերջ 200-ամյակի տարբերանշան, քաղաքի հիմն և սիմվոլիկ այլ իրեր պատվիրելու նպատակով:

Բացի այդ, թեև համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը երեք հոգանոց պատասխանատու ստորաբաժանում է ստեղծել գնումները կազմակերպելու համար, միևնույն է, կես միլիոն դրամ են վճարել «Սթեդֆաստ» ընկերությանը՝ նույն գործառույթներն իրականացնելու համար: Քաղաքապետարանից կարճ են հիմնավորում՝ գնումների բաժինը ծանրաբեռնված է, սուբվենցիոն ծրագրերը շատ են:

Գևորգ Քոթանջյանը, մինչդեռ, կասկածներ ունի, որ տեղի է ունենում փողերի չպատճառաբանված վատնում: Նա անօրինական է համարում 25 միլիոն դրամի գնումն առանց ավագանու թույլտվության և մեկ անձից կատարելը, քանի որ արտաքին պատվիրակում կամ մեկ անձից գնում արվում է խիստ մասնագիտական կամ մինչև մեկ միլիոն դրամի գնում կատարելու դեպքում: Իսկ այս դեպքում արվել է սովորական համերգային ծրագիր, որի փորձը քաղաքապետարանն արդեն ունի:

Փորձագետը մտավախություն ունի, որ Վանաձորի տարեկան բյուջեում մշակութային ու սպորտային միջոցառումների համար նախատեսված 65 միլիոն դրամը չի բավականացնի քաղաքի տոնի և ամանորյա ծախսերին, և աշխատակազմը հեռանալուց առաջ պարզապես փոշիացնում է բյուջեի գումարները:

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն ձեռքի տակ եղած այս բոլոր փաստերով պատրաստվում է դիմել դատախազություն:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG