Մատչելիության հղումներ

«Չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր»․ «Ուժեղ Հայաստանը»՝ Ղազարյանի հարցի մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակին անհրաժեշտության դեպքում կանդրադառնա:

«Ընդամենը մեկ ժամից իմ ելույթն է, կլսեք, - հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով, - Մենք առաջնային, ինչի՞ համար ենք այսօր այստեղ եկել, մեր երկրի կարևոր ապրուստի հարցի քննարկումն է այսօր։ Մենք արդեն մեր կարծիքն ասել ենք»:

Երեկ իր ելույթում սուր քննադատելով իշխող «Քաղաքացիական պայմանագրին», մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «ղարաբաղյան բանակցությունները տապալելու ու պատերազմի, հազարավոր երիտասարդ զոհերի, արցախցիներին տնավեր դարձնելու» համար՝ Ղազարյանն ամփոփեց՝ «սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ», և իշխող կուսակցությանը մեղադրեց զինվորների կյանքը «սրիկայաբար շահարկել» փորձելու մեջ:

Նախօրեին Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ խմբակցությունը նիստ են հրավիրելու՝ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և հետագա քայլերը որոշելու համար։ Թե ինչ է որոշել «Ուժեղ Հայաստանը», առայժմ չի հայտնում։ Ինքը՝ Ղազարյանը, երեկ հրաժարվել էր մեկնաբանել կատարվածը և չէր պատասխանել նաև հարցին՝ պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել։

«Ուժեղ Հայաստան»-ից Մարիաննա Ղահրամանյանն ասաց. «Պարոն Կարապետյանը հայտնեց, որ ըստ անհրաժեշտության կանդրադառնա, եթե ասելիք կլինի, ինքը կորոշի, երբ անդրադառնա, անդրադառնա, թե ոչ»։

«Ազատության» հարցին՝ Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են խմբակցությունում, Ղահրամանյանը պատասխանեց. «Ներքին քննարկում, իհարկե, ունեցել ենք, ինչը բնական աշխատանքային պրոցես է»: Այլ մանրամասներ չհայտնեց:

«Մենք այստեղ եկել ենք այլ օրակարգով, մենք այստեղ չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր, հանրային օրակարգ, մենք այստեղ եկել ենք մեր հայրենակիցների խնդիրները վեր հանելու, դրանց լուծման, մեր պատկերացումները առաջ քաշելու և այդ ուղղությամբ գնալու։ Եկել ենք աշխատելու, չենք եկել տարաբնույթ թեմաները այսպես երկար քննարկելու և այսպես սերիալի նման զարգացումներ ապահովելու», - ասաց Մարիաննա Ղահրամանյանը։

«Ազատության» դիտարկմանը՝ իշխանությունը ներողություն է ակնկալում, նա արձագանքեց. «Մենք հնչեցրինք մեր դիրքորոշումը։ Պարոն Վարդևանյանը հղում արեց ԱԺ կանոնակարգ օրենքի կարգավորումներին նմանատիպ իրավիճակներում, նմանատիպ իրավիճակներում մենք պիտի առաջնորդվենք միայն օրենքով»:

«Ազատության» հարցին՝ «արդյո՞ք ընդդիմադիր ուժի նկատմամբ երեկվանից հետո հնչել է քննադատություն, և այսօր այսպիսի դիրքորոշմամ փոփոխություն եղավ, համենայն դեպս չպնդեցիք երեկվա դիրքորոշումը», Մարիաննա Ղարամանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ինչ քննադատություն: Ես չեմ պատրաստվում մեկնաբանել սոցցանցերի օգտատերերի դիրքորոշումները։ Տեսակետները տարբեր կարող են լինել, մենք բազմակարծության կողմնակից ենք, մենք հարգում ենք բոլոր տեսակետները, մարդիկ ունեն կարծիք»:

Նա ընդգծեց՝ դիրքորոշման փոփոխություն չկա. «Բացարձակ հակասություն չկա»:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG