Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դռնփակ նիստ է անցկացնում:
Խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնեց, որ նիստի ընթացքում չեն քննարկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանին ընտրել-չընտրելու հարցը: Ամեն ինչ, ըստ նրա, կախված է լինելու ԱԺ-ում ելույթներից:
«Ընդհանուր աշխատանքային քննարկում է: Դեռ չենք քննարկել, ունենք ժամանակ, պետք է լսենք ելույթներ, հարցեր պատասխաններ», - ասաց Մանավազյանը՝ նշելով, որ Վարդևանյանի ընտրության վերաբերյալ դեռ որոշում չունեն:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ հարցի վերաբերյալ պետք է լոյալություն դրսևորի, որ կողմ քվեարկեք, ՔՊ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքով՝ հարցերին հստակ պատասխաններ չեն տրվում, շրջանցելով պատասխաններ չեն տալիս, շատ այլ բաներ, որ կարևոր է»:
Ազգային ժողովն այսօր քննարկում է ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի ընտրության հարցը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Վարդևանյանի թեկնածությանը:
Խորհրդարանն արդեն ընտրել է երկու փոխնախագահների․ ՔՊ-ից այդ պաշտոններում ընտրվել են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը: