Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ դեռ չունեն որոշում՝ կընտրե՞ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանին, թե՞ ոչ:
ՔՊ դռնփակ նիստում, Մանավազյանի փոխանցմամբ, այս հարցը չեն քննարկել: Ամեն ինչ, ըստ նրա, կախված է լինելու ԱԺ-ում ելույթներից:
«Ընդհանուր աշխատանքային քննարկում է: Դեռ չենք քննարկել, ունենք ժամանակ, պետք է լսենք ելույթներ, հարցեր պատասխաններ», - ասաց Մանավազյանը:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ հարցի վերաբերյալ պետք է լոյալություն դրսևորի, որ կողմ քվեարկեք, ՔՊ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքով՝ հարցերին հստակ պատասխաններ չեն տրվում, շրջանցելով պատասխաններ չեն տալիս, շատ այլ բաներ, որ կարևոր է»:
նախօրեին ԱԺ փոխնախագահ ընտրված Վահագն Ալեքսանյանից էլ «Ազատությունը» հետաքրքրվեց՝ արդյո՞ք Վարդանյանին չընտրելու որոշում կարող են կայացնել՝ պայմանավորելով նրանով, որ «Ուժեղ Հայաստանը» ՔՊ-ի փոխնախագահների թեկնածուներին դեմ էր քվեարկել: «Հաստատ դրանով պայմանավորված չի կարող լինել, որովհետև դա ինչ-որ մանր քինախնդրության նման մի բան կլինի, մենք շատ ավելի բարձր ենք դրանից: Կորոշվի նաև քննարկման արդյունքներով, խմբակցությունը որոշում կկայացնի, և խմբակցության ղեկավարը դրա մասին կհայտարարի, կհայտարարի նաև կայացված որոշման դրդապատճառների մասին», - արձագանքեց նա:
Առանց ՔՊ-ի քվեարկության Արամ Վարդևանյանի ընտրությունը փաստացի հնարավոր չէ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը պատկանում է իշխող խմբակցությանը:
«Կախված է հարցուպատասխանից ու ելույթներից», - ասաց Մանավազյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Վարդևանյանի թեկնածությանը:
Խորհրդարանն արդեն ընտրել է երկու փոխնախագահների․ ՔՊ-ից այդ պաշտոններում ընտրվել են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը: