«Քաղաքացիական պայմանագիրը» այսօր մոտ 5 -ամ տևած կուսակցության վարչության նիստում ընտրեց է ԱԺ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուներին:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Լուսինե Բադալյանը: Հավակնորդների թվում բացի Լուսինե Բադալյանից նաև Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանն ու Տրդատ Սարգսյանն էին, ինչպես նաև Նելլի Բավեյանը, որն այս խորհրդարանի նորեկ պատգամավորներից է։
«Ես հիմա էլ չէի առաջադրվի, եթե մեր խմբակցությունում որևէ բժիշկ կամ բուժաշխատող լիներ: ԵՍ հասկացա, որ այդ 7 տարում, ես 19 թվականից հանձնաժողովում եմ, հասցրել եմ և՛ կրթություն ստանալ, և՛ միևնույն ժամանակ մի քանի տարի էլ եղել եմ նախագահի տեղակալ ու շատ անպատասխանատու մոտեցում կլինի, եթե չառաջադրվեմ», - ասաց Բադալյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հանձնաժողովի անդամներ Մարիամ Պողոսյանն ու Զարուհի Բաթոյանը, Կրթության հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, ինչպես նաև խմբակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրված, բայց չընտրված Արթուր Հովհաննիսյանը ևս ներկայացրել էին իրենց թեկնածությունները։
Կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու է ընտրվել հանձնաժողովի գործող նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Այս պաշտոնում հավակնորդների թվում էին հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը և Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, որը ևս այս խորհրդարանի նորեկ պատգամավորներից է։
Եվրաինտեգրման հանձնաժողովը ղեկավարելու համար ընտրվել է հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը։ Ղեկավարելու ցանկություն էր հայտնել նաև գործող նախագահ Արման Եղոյանը:
Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվեց գործող նախագահ Սարգիս Խանդանյանը։ Այս հանձնաժողովը նախագահելու համար առաջադրվել էր նաև որևէ նախաձեռնությամբ կամ ելույթով խորհրդարանում աչքի չընկած Տաթևիկ Գասպարյանը:
«Կարծում եմ՝ իմ վերջին տարիների աշխատանքը այսկերպ գնահատվում է», - ասաց Խանդանյանը:
Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Զարուհի Բաթոյանը: Առաջադրվել էին նաև հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանն ու ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը։
ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանն էլ ընտրվել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու: Այս հանձնաժողովի թեկնածուն ընտրվել է երկու փուլով: Հանձնաժողովը ղեկավարելու ցանկություն էին հայտնել նաև Արմեն Խաչատրյանը և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն գործող նախագահ Արուսյակ Ջուլհակյանն է: Նա այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր:
Տրդատ Սարգսյանն էլ ընտրվել է Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: Հականորդներից էր նաև ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը, որը առաջադրվել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար:
Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի թեկնածուն է Վահե Ղալումյանը: Նա այս պաշտոնի համար պայքարում էր պատգամավոր Գարիկ Սարգսյանի հետ:
Բաբկեն Թունյանն էլ Տնտեսական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է: Այս հանձնաժողովում նա առաջադրված միակ թեկնածուն էր։
Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել գործող նախագահ Ծովինար Վարդանյանը: Բաբկեն Թունյանն այս պաշտոնի համար ևս առաջադրվել էր, առաջադրվել էր նաև ԲՀԿ-ից ՔՊ տեղափոխված Սերգեյ Բագրատյանը:
«Այս ընտրությունը դեռ չի նշանակում, որ նշված անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև դա կախված է նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն», - նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թե կոնկրետ այս հանձնաժողովներից, որոնցում քաղաքացիական պայմանագիրը նախագահներ ունենալու հնարավորություն կունենա և որոնք կանցնեն ընդդիմությանը, պարզ կդառնա արդեն առաջիկա օրերին, երբ մեկնարկի իններորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը։
Թեև 12 հանձնաժողովներից չորսի նախագահությունը, ըստ օրենքի, հասնում է ընդդիմությանը, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ին, մեկը՝ «Հայաստան» դաշինքին, իշխող ուժից որոշել են, ամեն դեպքում, իրենց թեկնածուներն էլ ունենալ։
Ըստ ՔՊ պլանի, եթե հանձնաժողովի նախագահ դառնա ընդդիմության թեկնածուն, ՔՊ-ի ներկայացուցիչը այդ նույն հանձնաժողովում կդառնա փոխնախագահ։