Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան»-ից Հայկ Սուքիասյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց

Դատարանը վերացրեց «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով ընտրված պատգամավոր՝ Հայկ Սուքիասյանի խափանման միջոց տնային կալանքը: Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Այս մասին «Ազատությանը» հայտնեց նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը: Նախկինում կիրառված 10 միլիոն դրամ գրավը և բացակայելու արգելքը պահպանվել են:

Նրա գործը նախաքննության ընթացքում է: Խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը փաստաբան Արմեն Ֆերոյանը ներկայացրել էր քննչական մարմնին, սակայն պատասխան չի ստացել: Զուգահեռ դիմել էր դատարան:

Փաստաբանը միջնորդել էր վերացնել տնային կալանքը՝ հղում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը, որի համաձայն՝ «անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ին է նոր խորհրդարանի պատգամավորներին մանդատներ տրամադրել, այդ թվում՝ Սուքիասյանին:

Սուքիասյանին բարեգործության արգելքը խախտելու մեղադրանք է ներկայացված, որը նա չի ընդունում:

Ավելի վաղ դատարանի դահլիճից ազատ արձակվեց նաև «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանը:

Ըստ Հակակոռուպցիոնի հրապարակման՝ Դավիթ Ղազինյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին հունիսի 7-ին իր դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։ Այդ նպատակով, ըստ կոմիտեի, Ղազինյանը իր թիմակցին փոխանցել է 1 միլիոն 400 հազար դրամ: Հակակոռուպցիոնի հաղորդմամբ՝ գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու շուրջ տարաձայնությունների պատճառով ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու գործը ավարտին չի հասել: Ղազինյանը մեղադրանքը չի ընդունում:

Նրա փաստաբանը ևս դատարան էր դիմել խափանման միջոց կալանքը վերացնելու համար՝ հղում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը:

ՍԴ որոշումը, որին հղում են անում փաստաբանները, վերաբերում է միայն խափանման միջոցին և չի ազդում քրեական գործերի քննության ընթացքի վրա. գործերը շարունակելու են քննվել դատարաններում:

XS
SM
MD
LG