Թրամփի վարչակազմը այսօր 10% և 12.5% նոր մաքսատուրքեր է սահմանել 60 առևտրային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության և Չինաստանի ապրանքների նկատմամբ՝ ճիշտ այն պահին, երբ կեսգիշերին լրացավ 10% ժամանակավոր համաշխարհային մաքսատուրքի ժամկետը, հայտնում է Reuters-ը։ Վաշինգտոնն այս որոշումը արտերկրում հարկադիր աշխատանքն արգելելու թույլ մեխանիզմներով է պատճառաբանել։
«ԱՄՆ-ում արդեն շուրջ մեկ դար գործում է հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների ներմուծման արգելք, և այն խստորեն կիրառվում է: Վաղուց ժամանակն է, որ մեր առևտրային գործընկերներն անեն նույնը, - տարածած հայտարարության մեջ նշել է ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը՝ շարունակելով․ - Այսօրվա քայլը, ամենուրեք աշխատողների բարեկեցությունը բարելավելու նպատակով, կսկսի ուղղել այն, ինչը միաժամանակ թե՛ մարդու իրավունքների խախտում է, թե՛ առևտրային աղավաղող պրակտիկա»:
ԱՄՆ-ն 10% մաքսատուրք է սահմանել Ալբանիայի, Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Մալայզիայի, Մեքսիկայի, Պակիստանի և յոթ այլ պետությունների ապրանքների նկատմամբ։
Եվրոպական միության, Թայվանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Շվեյցարիայի ապրանքների նկատմամբ սահմանված տուրքերը, արդեն իսկ գոյություն ունեցող տուրքերի հետ միասին, կազմում են 10% կամ 12.5%:
Մնացյալ 38 երկրների համար սահմանվել է 12.5% մաքսատուրք։
Թրամփի վարչակազմի պաշտոնյաները չինացի գործընկերներին հայտնել են, որ մտադիր են վերականգնել չինական ապրանքների նկատմամբ 20% մաքսատուրքերը, սակայն չգերազանցել այդ մակարդակը, ինչի շուրջ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ համաձայնություն էր ձեռք բերվել 2025 թվականի նոյեմբերին։
ԱՄՆ առևտրային որոշ գործընկերներ շտապեցին քննադատել Վաշինգտոնի այս քայլը։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը հայտարարել է, որ մաքսատուրքերը «շոկ» են դաշինքի համար, և որ Վաշինգտոնի հիմնավորումը հասկանալի չէ։
«Եթե մեր աշխատանքային օրենսդրությունը համեմատեք Միացյալ Նահանգների օրենսդրության հետ, նկատի ունեմ՝ մենք ունենք վճարովի արձակուրդներ, ունենք շատ լավ աշխատանքային պայմաններ մեր աշխատողների համար։ Այնպես որ, դա, իսկապես, հիմնավորված չէ», - Մանիլայում, լրագրողի հարցին ի պատասխան, ասել է Կալլասը։
Հուլիսի 21-ին հայտնի էր դարձել, որ նախագահ Թրամփի որոշմամբ ԱՄՆ-ն Կանադայից ներկրվող մի շարք ապրանքների համար 50% մաքսատուրք է սահմանում։