Մատչելիության հղումներ

ՌԴ, Չինաստան, Իրան աճող առանցքը՝ ավելի լայն մարտահրավեր․ ամերիկացի փորձագետներ

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը ավելի ու ավելի են ամրապնդում իրենց շահերի համընկնմամբ պայմանավորված ռազմավարական դաշինքը։

Ըստ ամերիկացի մի խումբ փորձագետների և նախկին պաշտոնյաների՝ ամերիկյան քաղաքականության մշակողները պետք է դիմագրավեն այս միտմանը, քանզի եռյակը նպատակ ունի խարխլել գործող համաշխարհային կարգը։

Հունիսի 10-ին Անկախ կանանց ֆորումի կազմակերպած «Ամերիկայի հակառակորդները. Ռուսաստանի իրականությունը» խորագրով պանելային քննարկման ժամանակ բանախոսներից շատերը նշել են, որ երեք երկրների գործարքային օգուտներն արդեն իսկ կարևոր ռազմավարական արդյունքներ են ստեղծում՝ հատկապես իրանական ռեժիմի համար, որն այլապես մեկուսացման մեջ կհայտնվեր։

Ամերիկյան գերիշխանության դեմ ընդհանուր դիմադրությամբ՝ երեք երկրները համակարգում են դիվանագիտական քայլերը՝ մերձեցնելով զինված ուժերը և համատեղ ուղիներ մշակելով արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար։

«Հարցը հետևյալն է․ սա խարխլման, մարտավարական հարմարության, պատեհապաշտության ռազմավարությո՞ւն է, թե՞ նպատակաուղղված է համաշխարհային կարգին առնչվող բոլորովին այլ ռազմավարական արդյունքներ գրանցելուն», - փաստում է Hudson Institute-ի ավագ փորձագետ և ազգային անվտանգության խորհրդականի նախկին տեղակալ Նադիա Շադլոուն։

Այս առանցքի թափը կասեցնելու համար, ըստ փորձագետի, Վաշինգտոնը այլևս չպետք է Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը դիտարկի իբրև տարանջատ տարածաշրջանային թատերաբեմեր։ Փոխարենն ԱՄՆ-ն պետք է հնարամիտ ուղիներ փնտրի՝ նրանց համագործակցության մեջ սեպ խրելու համար։

«Նրանց հարաբերությունները պետք է հնարավորինս բարդացնել», - ընդգծում է Շադլոուն։

Թեև Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը հավաքական անվտանգության պաշտոնական պայմանագիր չունեն, սակայն հակամարտությունների պատճառով վերջին տարիներին երեք երկրների շահերը փոխհատվել են։

2022-ի փետրվարին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո ներդրված միջազգային պատժամիջոցները պարան են երկրի տնտեսության վզին։ Դա Մոսկվային ստիպում է հարաբերություններ զարգացնել հնարավոր բոլոր ուղղություններով։

Իրանը, նմանապես, տարիներ ի վեր մաշեցնող պատժամիջոցների ներքո է գտնվում։ Դրանք է՛լ ավելի սաստկացան փետրվարի 28-ին երկրի դեմ սկիզբ առած ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածներից հետո։

Ներքին գոյատևման խնդրից անդին՝ այս ավտորիտար սիներգիան պատերազմի դաշտում փորձի փոխանակման վտանգավոր փոխգործակցության է ծնունդ տվել, ասում է Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի փոխնախագահ Իլիան Բերմանը։

Բերմանը, որը նաև «Ազատություն» ռադիոկայանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, հավելում է, որ Իրանը պարեկող զինամթերքի մեծ խմբաքանակներ է մատակարարել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմը սնուցելու համար։ Արևմտյան հետախուզական ծառայությունները մտավախություն ունեն, որ ՌԴ-ի կիրառած զինատեսակների արդյունավետությունն ուսումնասիրելով՝ Իրանում հետևություններ կանեն՝ էապես ավելի մահաբեր դարձնելով երկրի տեղական զինանոցը։

«Իրանի խնդիրը միայն Իրանի խնդիրը չէ։ Դա Իրան-Ռուսաստան-Չինաստան խնդիր է», - պնդում է Բերմանը՝ պարզաբանելով, որ Մոսկվան և Չինաստանը, ըստ էության, Թեհրանին տնտեսական և տեխնոլոգիական օգնության ձեռք են մեկնում՝ թե՛ ներքին անհնազանդությանը դիմադրելու, թե՛ միջազգային պատժամիջոցները հաղթահարելու նպատակով։

Իհարկե, քննարկման որոշ բանախոսներ էլ այն կարծիքին էին, որ թեև համագործակցությունն իսկապես ընդլայնվում է, Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի հարաբերությունները շարունակում են հիմնապես գործարքային մնալ։

Կամ, ինչպես Հյուսիսային Կարոլինան ներկայացնող հանրապետական կոնգրեսական, բանակի հատուկ ստորաբաժանումների նախկին սպա Փեթ Հարիգանն է ձևակերպում, դաշնակցությունն ավելի նման է փոխադարձ օգուտներով ամուսնության։

«Երբ փոխշահավետությունը սպառվի, տվյալ գործողությունները ևս կդադարեն», - կարծում է Հարիգանը՝ ակնարկելով, որ այս գործընկերության հիմքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այսրոպեական շահերն են՝ ոչ անսասան, երկարաժամկետ ռազմավարական եղբայրությունը։

Այնուամենայնիվ, գործարքային օգուտներն արդեն իսկ կարևոր ռազմավարական արդյունքներ են ստեղծում, հատկապես իրանական ռեժիմի համար, որն այլապես մեկուսացման մեջ կհայտնվեր։

Բերմանը, օրինակ, մատնանշում է, որ տարեսկզբի հակակառավարական բողոքի ակցիաների ժամանակ Պեկինը և Մոսկվան իրանական ռեժիմին տրամադրեցին համացանցային այլախոհությունը խլացնելու համար անհրաժեշտ «թվային վահանը»։ Իշխանության դաժան ճնշումների հետևանքով հազարավոր ցուցարարներ սպանվեցին։

Չինաստանի ֆինանսական «փրկանավակը»

Միևնույն ժամանակ, Իրանը պարեկող զինամթերքի մեծ խմբաքանակներ է մատակարարել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմը սնուցելու համար։ Արևմտյան հետախուզական ծառայությունները մտավախություն ունեն, որ ՌԴ-ի կիրառած զինատեսակների արդյունավետությունն ուսումնասիրելով՝ Իրանում հետևություններ կանեն՝ էապես ավելի մահաբեր դարձնելով երկրի տեղական զինանոցը։

Ռազմական առևտրի հիմքում ամբողջապես Պեկինի ֆինանսական օժանդակությունն է, որը ռեժիմի գոյատևման գլխավոր երաշխիքն է։

«Իրանական նավթամթերքի արտահանումների շուրջ 90 տոկոսը մեկ երկիր է գնում՝ Չինաստան», - ընդգծում է Բերմանը՝ հստակորեն եզրակացնելով, որ առանց չինական գնումների, ինչպես նաև առանց ռուսական դիվանագիտական և ռազմական աջակցության «Իրանը պարզապես վճարունակ չի լինի»։

Կենտրոնական հետախուզական վարչության մոսկովյան կենտրոնի նախկին պետ Դանիել Հոֆմանի խոսքով՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ազդեցությունը ձգվում է կոնֆլիկտի գոտուց անդին։ Այն հասնում է ավելի լայն՝ ժողովրդավարական նորմերի և ավտորիտարիզմի վերածննդի միջև համակարգային պայքարի առաջնագիծ։

«Ուկրաինան այժմ բռնատիրության և ժողովրդավարության միջև աշխարհաքաղաքական խզվածքի վրա է գտնվում», - նշում է Հոֆմանը։

Հոֆմանի վերլուծության համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիան առաջ է մղվում ոչ այնքան տարածքային նկրտումներով, այլ իր սահմաններին կից ժողովրդավարության «վարակի» տարածման նկատմամբ գոյութենական վախով։

«Վլադիմիր Պուտինին ամենաշատը ժողովրդավարությունն է վախեցնում», - մատնացույց է անում Հոֆմանը՝ նկարագրելով Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նոր-նոր բյուրեղացած «բռնատիրության առանցքը»։ Առանցքը, ըստ նրա, միավորված է մեկ, գերագույն նպատակի համար․ աշխարհում ամերիկյան ազդեցության համակարգային նվազեցումը։

Հոֆմանն ավելացնում է՝ «բազմաբևեռ աշխարհի» մասին Մոսկվայի համառ հռետորաբանությունը լոկ դիվանագիտական շղարշ է՝ միտված ազդեցության գոտիների գոյությունը լեգիտիմացնելուն։

«Իրենք իրականում ուզում են հարևան երկրներ ներխուժելու և նրանց ազդեցության գոտիների բաժանելու, ենթարկեցնելու ազատություն ունենալ», - նշում է նա։

Աճող ճնշման ֆոնին հապաղումն ամենավերջին բանն է, որ Արևմուտքը կարող է թույլ տալ իրեն, որովհետև դա կապահովի «առանցքի» վերջնական հասունացման համար անհրաժեշտ միջավայրը։

Ըստ Հարիգանի՝ «Երբ մենք չհամակարգված քայլեր ենք ձեռնարկում, երբ մենք զգուշորեն, ոտքերի մատների վրա քայլելով, մտնում ենք հակամարտության մեջ և մեկ առ մեկ ռազմական կարողություններ ցույց տալիս, մենք իրականում հակաբիոտիկների դիմադրության ռազմական համարժեքն ենք առաջացնում ռուսական բանակում»։

Շադլոուն համակարծիք է․ հակազդող, ճգնաժամերն առանձին կառավարելու ժամանակն անցել է։ Նրա խոսքով՝ ամերիկյան քաղաքականության մշակողները պետք է շրջադարձ կատարեն՝ վերադառնալով զսպման ամուր մեխանիզմներին և ուժի հստակ ցուցադրություններով։

Մինչ Վաշինգտոնը ծանրութեթև է անում առաջիկա ռազմավարական քայլերը, թշնամական փոխկապակցված էկոհամակարգի ճանաչումը, պնդում է Բերմանը, զսպման ցանկացած արդյունավետ ռազմավարության նախադրյալն է։

«Որքան շուտ սա հասկանանք, - ամփոփում է Բերմանը, - այդքան ավելի շուտ կկարողանանք գործել ճնշման դեմ»։

XS
SM
MD
LG