Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հարվածել է Իրանին, Թեհրանը՝ Ծոցի երկրներում ամերիկյան ավիաբազաներին

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հայտարարելով, որ դրանք ուղղված են Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովմանը։

«Այս հարվածները շարունակելու են մեծ գին պարտադրել իրանական ուժերին և թուլացնել նրանց կարողությունը՝ հարձակվելու խաղաղ բնակիչների ու առևտրային նավերի վրա», - հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։

Իրանական պետական լրատվամիջոցները պայթյունների մասին են հայտնել երկրի հարավային ափամերձ հատվածում, այդ թվում՝ Քիշ, Քեշմ և Աբու Մուսա կղզիներում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածների նպատակը Իրանի՝ ծովային երթևեկությունը խաթարելու հնարավորությունները սահմանափակելն է։

Նոր հարվածները վկայում են, որ ընդամենը մեկ ամիս առաջ ստորագրված համաձայնությունը, որը պետք է պայմաններ ստեղծեր խաղաղության շուրջ բանակցությունների համար, փաստացի փլուզվում է։

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերին Կոնգրեսին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները կրկին պատերազմի մեջ է Իրանի հետ։ Դրանով սկսվել է 60-օրյա ժամկետ, որի ընթացքում նախագահը կարող է ռազմական հարվածներ իրականացնել՝ առանց օրենսդիրների պաշտոնական համաձայնությունը ստանալու։

«Կարծում եմ՝ համաձայնությունը դեռ հնարավոր է», - ասել է Թրամփը՝ չնայած Իրանի դեմ արդեն երեք գիշեր շարունակվող հարվածներին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ նեղուցում բնականոն նավարկությունը կարող է վերականգնվել միայն ԱՄՆ ռազմական միջամտության դադարեցումից հետո և հայտնել է Հորդանանում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ավիաբազաների վրա հարձակման մասին։

Համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցի շուրջ ամերիկա-իրանական վերջին լարվածությունը նախօրեին սկսվեց, երբ Իրանը Կիպրոսի դրոշի ներքո նավարկող բեռնանավ թիրախավորեց, այնուհետև հայտարարեց ջրային ուղին փակելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, հավաստիացրել է, թե Հորմուզը բաց է առևտրային երթևեկության համար։


XS
SM
MD
LG