Ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մերձակայքում նախորդ օրն իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահանգներն այսօր առավոտյան նոր հարվածներ է հասցրել Իրանին։ Վաշինգտոնի պնդմամբ՝ դրանք պատասխան էին Թեհրանի կողմից նավագնացության դեմ իրականացված վերջին հարձակումներին։
«ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը սկսել են Իրանի դեմ հավելյալ հարվածները՝ շարունակելով թուլացնել Հորմուզի նեղուցով ազատ նավարկող քաղաքացիական նավերի և դրանց անձնակազմերի վրա հարձակումներ գործելու Իրանի կարողությունը», - հայտարարել է CENTCOM-ը՝ առանց հավելյալ մանրամասների։
Մասնավորապես, չի նշվում, թե արդյոք Պարսից ծոցի տարածաշրջանում գործողությունները շարունակվել են հուլիսի 13-ի առավոտի դրությամբ։
Իրանական պետական լրատվամիջոցները, սակայն, հաղորդել են այսօր առավոտյան Հորմուզի նեղուցի մերձակայքի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Բանդար Աբբասում, Սիրիկում և Բուշեր նահանգում տեղի ունեցած պայթյունների մասին։ Այդ հաղորդումների հավաստիությունն այս պահին հնարավոր չէ ստուգել։
Պարսից ծոցում Միացյալ Նահանգների արաբ դաշնակիցները, մինչդեռ, հայտնել են ԱՄՆ գործողություններին ի պատասխան Իրանի կողմից արձակած հրթիռների մասին։
Հարվածների երրորդ ալիքը
Հուլիսի 12-ի վաղ առավոտյան Միացյալ Նահանգները սկսեց անցյալ շաբաթվանից սկսված հարվածների երրորդ ալիքը՝ թիրախավորելով մի շարք իրանական օբյեկտներ։ Մինչ այդ Թեհրանն էր հարձակվել առևտրային կոնտեյներային նավի վրա և հայտարարել, թե աշխարհի կարևորագույն ռազմավարական ջրային ուղիներից մեկը կրկին փակ է։
Նախագահ Թրամփը երեկ CNN-ին ասել է՝ «մենք նրանց շատ հուժկու հարվածներ հասցրեցինք», պնդելով, որ վերջին այս փոխհրաձգությունից առաջ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ էին համաձայնության։
«Նրանք համաձայնում էին ամեն ինչի, իսկ հետո՝ երկու ժամ անց, հանկարծ անօդաչու թռչող սարքով հարվածեցին նավին։ Այս մարդկանց հետ ինչ-որ բան այն չէ», - ասել է նա։
Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հարցազրույց է տվել նաև NBC-ին ու կրկնել. - «Նրանք երեկ համաձայնել էին գործարքին, որը մեզ համար կատարյալ էր։ Ոչ մի միջուկային զենք, ո՛չ սա, ո՛չ դա, ոչինչ։ Նրանք հրաժարվել էին ամեն ինչից։ Եվ դրանից հետո լքեցին սենյակն ու մեկ ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարք արձակեցին նավի վրա։ Ես ասացի. «Դուք հիվանդ եք։ Դուք հիվանդ մարդիկ եք»։
Թրամփը նաև հավաստիացրել է, որ, չնայած իրանական կողմի հակառակ պնդումներին, ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով նավերի շարժը շարունակվում է։ «Այն բաց է», - ասել է Թրամփը NBC-ին։
CENTCOM-ը ևս պնդել է, որ ջրային ճանապարհը, որով պատերազմից առաջ տարանցվում էր աշխարհի հում նավթի և գազի մատակարարումների 20 տոկոսը, շարունակում է բաց մնալ:
«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը: Այն մնում է միջազգային ջրային ճանապարհ: ԱՄՆ ուժերը դիրքավորված են և պատրաստ են այն այդ վիճակում պահել», - գրել է CENTCOM-ը X սոցիալական հարթակում:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրագրողներին ասել է, որ գիշերային հարձակումների ժամանակ ամերիկյան ուժերը թիրախավորել են Իրանի օդային հսկողության ռադարները, ծովային հսկողության համակարգերը, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերը, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը, ինչպես նաև երկիր-օդ դասի հրթիռային կայանքները՝ Թեհրանի ռազմական կարողությունները թուլացնելու նպատակով։
Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ այդ հարվածներից հետո Իրանի հարավում պայթյուններ են տեղի ունեցել։ Պետական հեռարձակող IRIB-ը հաղորդել է, որ Բանդար Աբբասում լսվել է երեք պայթյուն, իսկ Սիրիկում՝ երկու։ Պայթյունների մասին հաղորդվել է նաև Հորմուզի նեղուցի մոտ գտնվող մեկ այլ վայրում՝ Քեշմ կղզում։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ է արձակել Պարսից ծոցի՝ Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերություններ ունեցող, նավթով հարուստ Քուվեյթի, ԱՄՆ–Իրան հարաբերություններում միջնորդ Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ։
Դիվանագիտական ջանքերը ձախողվում են
Ռազմական այս էսկալացիան տեղի է ունեցել Օմանում ընթացող դիվանագիտական ջանքերի ակնհայտ ձախողման ֆոնին։
Ըստ Թեհրանի՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Օմանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Բադր Ալբուսաիդիի հետ՝ Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության ապահովման մեխանիզմները քննարկելու համար։
Այդ քննարկումներին ԱՄՆ պաշտոնյաներ չեն մասնակցել։
«Ազատություն» ռադիոկայանը դիվանագիտական աղբյուրներից տեղեկացել է, որ օմանցի միջնորդները իրանական պատվիրակությանը առաջարկներ են ներկայացրել։
Բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն, հրաժարվել են մեկնաբանություններ տրամադրել դրանց բովանդակության վերաբերյալ։
Քննարկումներին ծանոթ դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Իրանի պատվիրակությունը լքել է բանակցությունները՝ հայտարարելով, որ կվերադառնա, երբ Թեհրանում միասնական ներքին դիրքորոշում ձևավորվի այն առաջարկների վերաբերյալ, որոնք թույլ կտան Օմանի ջրերով՝ նեղուցի հարավային հատվածում, ազատ նավարկություն իրականացնել՝ առանց վճարների։
Կարճ ժամանակ անց Իրանի ազգային անվտանգության ապարատն արձագանքեց՝ կրակ բացելով առևտրային նավի վրա և հայտարարելով ջրային ուղու փակման մասին։
Վերջին ամիսներին Թրամփն առաջ է մղել այսպես կոչված «Հարավային մայրուղու» գաղափարը՝ նավագնացության երթուղի, որով նավերն անցնում են Օմանի ափամերձ գոտուն ավելի մոտ և Իրանի տարածքային ջրերից ավելի հեռու տարածքներով։
Թեհրանը բազմիցս պնդել է, որ միայն իր նախընտրած՝ Իրանի ափին մոտ անցնող երթուղին է համարում անվտանգ։ Նախկինում Իրանը նույնպես մեղադրվել է Օմանի երթուղին օգտագործող նավերը թիրախավորելու համար։
Լեզվակռիվը մեծացնում է ռիսկերը
Վերջին դիմակայությունը ծավալվեց ավելի ու ավելի անկայուն քաղաքական ֆոնի վրա։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին խոստացավ վրեժ լուծել իր հոր՝ Ալի Խամենեիի սպանության համար՝ ասելով, որ դրա համար «անխուսափելիորեն պետք է վրեժ լուծվի»։
«Այս հարցը կախված չէ ո՛չ իմ անձնական գոյությունից, ո՛չ էլ այլ պաշտոնյաների գոյությունից։ Անկախ նրանից, թե մենք ներկա ենք, թե ոչ, այն կիրագործվի», - ասել է նա՝ հավելելով, որ Իրանը «թիրախների» ցուցակ է կազմել։
Դրանից ժամեր առաջ Թրամփը զգուշացրել էր, որ իր դեմ ցանկացած մահափորձ կհանգեցնի Միացյալ Նահանգների կողմից հուժկու ռազմական հակահարվածի։
«1000 հրթիռներ տեղակայված են, լիցքավորված և ուղղված են Իրանի Իսլամական Հանրապետության ուղղությամբ, իսկ հազարավոր այլ հրթիռներ անմիջապես կհետևեն դրանց», - գրել է Թրամփը Truth Social-ում՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները «ամբողջությամբ կոչնչացնի» Իրանը, եթե նման սպառնալիք ի հայտ գա։
Փոխադարձ այս սպառնալիքները հնչում են ժամանակավոր հրադադարից հետո, որը մի քանի շաբաթով կանգնեցրել էր փետրվարի վերջից սկսված ռազմական գործողությունները։
Թրամփը հայտարարել է, թե այդ հրադադարը փաստացի այլևս չի գործում, միաժամանակ նշելով, որ Վաշինգտոնը բաց է բանակցությունների վերսկսման համար։
Դիվանագիտական պատուհանի նեղացում
Ըստ վերլուծաբանների՝ Հորմուզի նեղուցը փակելու և առևտրային նավերին հարվածելու Իրանի որոշումը դիվանագիտական ջանքերի համար հերթական հետընթացն է։
«Իրանական ռեժիմը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբ Միացյալ Նահանգները ձեռք է մեկնում դիվանագիտության ոգով, Թեհրանը նրան արձագանքում է սեղմված բռունցքով», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է «United Against Nuclear Iran» կազմակերպության քաղաքականության հարցերով տնօրեն Ջեյսոն Բրոդսկին։
Հորմուզի նեղուցով սովորաբար իրականացվում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը, և դրա փակումը զգալիորեն մեծացնում է տարածաշրջանային ավելի լայն անկայունության վտանգը և, եթե խափանումները շարունակվեն՝ կարող է լուրջ հետևանքներ ունենալ միջազգային էներգետիկ շուկաների համար։
Մինչ դիվանագիտական ջանքերը ձախողվում են, իսկ Վաշինգտոնն ու Թեհրանը կոշտացնում են իրենց դիրքորոշումները, վերջին ռազմական սրացումը վկայում է աճող վտանգի մասին, որ առճակատումը կարող է դուրս գալ Պարսից ծոցից՝ տարածվելով տարածաշրջանից անդին։
Հոդվածը գրվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուի թղթակցությամբ