Դատարանը քննում է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդությունը։ Այսօր վաղ առավոտյան իրավապահները մտել են ընդդիմադիր գործչի բնակարան, խուզարկել այն և նրան ձերբակալել։
Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, պատմել է․ «Առավոտյան 7-ին յոթ-ութ հոգի մարդ են եկել», սկզբից բնակարանն են խուզարկել, հետո՝ Ավետիքին ձերբակալել։
Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար։
Չալաբյանի կինը համարում է, որ քաղաքական նկատառումներով են մեկուսացնում ամուսնուն։
«Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է։ Բոլորս էլ տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում ընդդիմադիր դաշտում», նշեց Անահիտ Ադամյանը։
Մինչդեռ, ըստ Քննչական կոմիտեի, ընտրություններից առաջ Չալաբյանը հանդիպել է այլ պետության պաշտոնյաների հետ, նրանց դրդել, որ իրենց ազդեցությունն օգտագործեն և գործարարների միջոցով նրանց կազմակերպություններում աշխատող մարդկանց ուղղորդեն գալ Հայաստան ու քվեարկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։
Քննչականը որպես ապացույց նշել է համացանցում տարածված ձայնագրությունը՝ պնդելով, թե հաստատվել է, որ դա հենց Չալաբյանի ձայնն է։
«Ուժեղ Հայաստանն» ու «ՀայաՔվեն» ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Ընտրություններից մեկ օր առաջ ձայնագրություն տարածվեց տելեգրամյան մի ալիքում, որտեղ երկու տղամարդ ու մի կին ռուսերենով խոսում են Ռուսաստանում ապրող հայերի՝ Հայաստանում ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին։ Պարզ չէ, թե ովքեր են Չալաբյանի զրուցակիցները։
Ձայնագրության հրապարակումից հետո «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը գրեց, թե դիմելու են Քննչական կոմիտե, որպեսզի այս ձայնագրությունը կցվի ՌԴ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի համար հարուցված քրեական գործին։
Իոաննիսյանն այսօր ենթադրեց, որ իրենց հաղորդման հիման վրա էլ ձերբակալել են Ավետիք Չալաբյանին։
«Պետք է հասկանալ դրա աղբյուրը։ Էդ ի՞նչ աղբյուր է, ո՞վ է ձայնագրել, ինչի՞ են ընտրություններից մի օր առաջ գցել շրջանառության մեջ՝ ակնհայտ վարկաբեկիչ նպատակներով», ասել էր Չալաբյանը։
Ձայնագրությունը դեռևս հունիսի 7-ին Ավետիք Չալաբյանը որակել էր կեղծիք։ Ասել էր, թե հունվարին է հանդիպել Ռուսաստանի դեսպանության աշխատակիցների հետ։ Շարքային զրույց է եղել, ծանոթացել են ու հրաժեշտ տվել այդ մարդկանց։
Բայց ի՞նչն է կեղծիքը՝ իր ձայնը չէ՞, թե՞ մոնտաժված է։ Չալաբյանը չէր հերքում, որ որոշ մտքեր ասել է։
«Չեմ իմանում.... Պետք է սարքողներին գտնել, հարցնել՝ էս ո՞նց եք սարքել... Մտքերի մի մասը կարող է ասել եմ, մտքերի մի մասը... Բայց դա իմ համար ինչ-որ շարքային խոսակցություն է եղել, ճանաչողական բնույթի՝ էդ մարդկանց հետ։ Իրենց հանդիպել ենք, խնդրել են, ասել են՝ ուզում ենք ձեզ հետ ծանոթանանք, հանդիպել ենք, խոսացել ենք իրար հետ, հրաժեշտ ենք տվել, ու դրանից հետո ես էդ մարդկանց չեմ էլ տեսել ընդհանրապես»։
Չալաբյանն այդ օրն ասել էր, որ ինքն էլ է դիմելու իրավապահներին, որպեսզի պարզեն, թե ով է ձայնագրության հեղինակն ու տարածողը։
Նրա փաստաբանն էլ այսօր գրել է, թե իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքը «ծայրից ծայր սուտ» է համարում։