Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվում:
«3 ուժերից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից, «Միասնության թևեր» կուսակցությունից մենք ստացել ենք վերահաշվարկի դիմումներ»,- ասաց ԿԸՀ նախագահը՝ շարունակելով.- «Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածուն այդպես է ցանկացել»:
Վահագն Հովակիմյանն ասաց, որ 2005 տեղամասերից միայն 5-ի հետ կապված արձնագրությունները եղել են ճշգրիտ, բայց մուտքագրման ընթացքում սխալ է եղել.
«Այնտեղ, այսպես ասեմ՝ տողեր են թռցրել, մարդկային գործոն է»,- շեշտեց ԿԸՀ նախագահը:
ԲՀԿ-ն էր պնդել, որ արձանագրությունների և ԿԸՀ-ի հրապարակած թվերում անհամապատասխանություն է եղել, նախօրեին տեղի ունեցած երկու տեղամասերի վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները կավելանան 92-ով: