Այսօրվանից մեկնարկում են վարժական հավաքները մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։ Ռուսաստանից եկած քանի՞ հայ է ներգրավվել այդ հավաքներում։
«Այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում», - ասաց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարծում է՝ Հայաստանի քաղաքացի չի կարող համարվել այն հայը, որ դրսից Հայաստան է եկել միայն մի միջոցառման, այս դեպքում՝ ընտրություններին մասնակցելու համար. «Ինքը ճիշտ չի անում, այդ անձը ճիշտ չի անում»։
Խորհրդարանում քննարկման եկած Էդվարդ Ասրյանին լրագրողները 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու պատրաստակամության մասին չեն հարցնում, այլ այն մասին, թե ինչո՞ւ են իշխանական դեմքերը հայրենիքին ծառայելը որպես պատժատեսակ դիտարկում։
Քվեարկության օրվանից առաջ ռազմական ոստիկանության աշխատակիցները ծանուցագրեր էին տալիս ինքնաթիռից իջած տղամարդկանց, պնդում էր իշխանության լրատվամիջոցը՝ Civic.am-ը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ուղիղ ասում էր՝ ընտրակաշառքով քվեարկելու եկածները կներգրավվեն վարժական հավաքներում։
Պարզ չէ, եթե մարդը քրեական հանցագործ է, ինչո՞ւ են նրան ոչ թե բանտ, այլ վարժական հավաքի ուղարկում։ Ընդդիմությունը պարբերաբար է ահազանգում, որ վարժական հավաքի սպառնալիքն օգտագործվում է նաև ընդդիմախոսների նկատմամբ։ Համաձայն չէ գլխավոր շտաբի պետը. «Ասեմ ձեզ, որ դա ճիշտ չեք ասում»։
Հայաստանում բոլորը պարտավոր են հավաքի գնալ, ազդարարում է Էդվարդ Ասրյանը, բայց չի մեկնաբանում, թե ինչո՞ւ են այդ մարդկանց հիշում ընտրության նախօրեին կամ իշխանության համար որևէ անհաճո միջադեպից հետո։
«Բարով գան, իրենք իրենց 25 օրը կծառայեն Հայաստանի Հանրապետությանը և կգնան», - ընդգծեց ԶՈւ ԳՇ պետը։
Դեռևս չորս տարի առաջ էր Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման դրել անհնազանդության տարբեր ակցիաներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկելու առաջարկը։ Եվ այդ ենթադրյալ անօրեններին հավաքի ուղարկելու Քոչարյանի առաջարկը իրավապահներն ընդունեցին մեծ պատրաստակամությամբ, որոշեցին ցուցակներ էլ տալ։
«Սա ինձ համար ընդհանրապես պատժիչ ինչ-որ բան չէ, քանի որ ես, երբ 18 տարեկան եմ եղել, ժամանակին անցել եմ պարտադիր զինվորական ծառայություն երկու տարով, և հիմա էլ սա ինձ համար պատժիչ ինչ-որ բան չէ, հակառակը՝ իմ համար հպարտություն է», - ասաց News.am-ի լրագրող Նարեկ Խաչատրյանը:
Նարեկ Խաչատրյանի ձեռքում թարմ ծանուցագիրն է, այսօր առավոտյան է ստացել զինկոմիսարիատից։ Այս ամսի 23-ից կգնա 25-օրյա վարժական հավաքի։ Արցախում ծառայած լրագրողը պատրաստակամ է մեկնել հավաքի, բայց հարցեր ունի՝ ինչպե՞ս ստացվեց, որ Սոթքի տեղամասում զինվորների քվեարկության ընթացքում խախտումներ արձանագրելուց ժամեր անց իրենք կանչեցին։ Այստեղ տեղամասի փակումից րոպեներ առաջ բազմաթիվ զինվորներ էին ու քաղաքացիական անձինք առանց կարգավիճակի։
«Ես լուսաբանել եմ այն, ինչ որ տեսել եմ, և հատուկ ուզում եմ նշել, որ որևէ զինծառայողի, որևէ սպայի, որևէ ռազմական ոստիկանության աշխատակցի չեմ մոտեցել, հարցեր չեմ ուղղել», - նշեց նա։
Նարեկին այստեղ բացատրում են՝ տեղամասի տարածքում չեն այդ քաղաքացիական անձինք, թեպետ կադրերում նրանց տեսնում ենք հենց տեղամասում. «Նույն օրը՝ այդ տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց, Պաշտպանության նախարարությունից զանգահարում են մեր խմբագրություն և հայտնում, որ ինչ-որ սպա զանգահարել է իրենց և հայտնել, որ News.am-ի մի լրագրողը խոչընդոտում է հանձնաժողովի նախագահի աշխատանքը, ինչը՝ no comment, քանի որ եթե նման խնդիր կար, Կենտրոնական ընտրական հանձնաժողով գոյություն ունի, ի վերջո ոստիկանություն գոյություն ունի, և կարող էին նրանք այդ ամենը արձանագրել, այլ ոչ թե Պաշտպանության նախարարությունը, քանի որ որևէ զինծառայողի չեմ մոտեցել, որևէ մեկին հարցեր չեմ ուղղել»։
Ընտրությունների հենց հաջորդ օրը առավոտյան ստացել է զինկոմիսարիատի զանգը։ Այսօր արդեն ծանուցագիրն են տվել։ Ընդ որում, աշխատակիցը, ենթադրաբար, վերջին օրերի կրկնվող հարցն է տվել. «Զինկոմիսարիատում հարցնում են՝ ձեզ զանգո՞վ են կանչել, ասում ենք՝ այո, ասում են՝ Ռուսաստանից եկա՞ծ եք, ասում եմ՝ ոչ»։
Նարեկ Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավն էր լուսաբանում։ Նա էր զրուցել դասերը կրճատած ու ամբողջ կազմով Փաշինյանի հետ հանդիպման գնացած ուսուցիչների հետ։ Ըստ լրատվամիջոցի, այդ պահից է նա հայտնվել իշխանությունների տեսադաշտում ու Սոթքի նկարահանմանը հաջորդած ծանուցագիրը պատահական չէ։ Նարեկը երկու շաբաթից կմեկնի վարժական հավաքի, ասաց՝ ոչ թե պատիժը կրողի տրամադրությամբ, այլ սիրով։