Թեև Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կեսգիշերն անց, հայտարարելով «Քաղաքացիական պայմանագրի», իր խոսքով, պատմական հաղթանակի մասին, պնդեց, թե դրական արձագանքներ է ակնկալում Թուրքիայից ու Ադրբեջանից, երկուսն էլ առայժմ ընտրության արդյունքներին չեն արձագանքել։ Փոխարենը երեկ վրացիները շտապեցին՝ բառի բուն իմաստով։
Քվեարկության ավարտից ժամեր անց, երբ դեռ քվեաթերթիկների տասը տոկոսն անգամ չէին հաշվարկվել, Վրաստանի ընդդիմության առաջնորդ, նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ում իր ջերմ շնորհավորանքները ուղղեց Նիկոլ Փաշինյանին։
«Այսօր Հայաստանը հաստատակամորեն ընտրեց անկախ ու եվրոպական ապագան», - գրել էր Վրաստանի նախկին նախագահը։
Քիչ անց նրան միացավ նաև գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ընդգծելով՝ «անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը»։
Հաջորդ շնորհավորանքը ստացվեց ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում գործընկեր Ղազախստանից։ «Ընտրությունները, միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալներով, անցել են օրենքի ու բաց ընտրության համար պատշաճ պայմանների ապահովմամբ», - գրել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Կեսգիշերն անց հրավիրած ասուլիսում Փաշինյանը հաղորդել էր, նաև թե ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ։ Առավոտյան արդեն Էմանյուել Մակրոնը պաշտոնապես նրան շնորհավորեց՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը որակելով համոզիչ։
«Ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ մեր համագործակցությունն ավելի ամրապնդելու, խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու և Եվրոպայի հետ մերձեցման խթանման համար», - հայտարարել է Ելիսեյան պալատի ղեկավարը։
Եվրահանձնաժողովի նախագահը, որ օրեր առաջ աջակցություն էր հայտնել Հայաստանին՝ ռուսական տնտեսական պատժամիջոցների ֆոնին, այս գիշեր վերահաստատել է այդ հանձնառությունը։
«Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա, - հայտարարել է Ուսուլա ֆոն դեր Լայենը, հավելելով,- Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային»։
«Միասին ԵՄ-ն ու Հայաստանը կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում։ Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ ամբողջ տարածաշրջանի համար», - գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար», - հայտարարել է եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարն էլ խոստացել է հնարավորինս արագ այցելել Երևան։ «Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայ ժողովրդի ընտրությունը՝ հօգուտ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի», - հայտարարել է Մարթա Կոսը:
Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ Փաշինյանին առաջինը շնորհավորող առաջնորդների շարքում է նաև Ուկրաինայի նախագահը։ Ընդ որում, Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, թե հիմա հենց այն պահն է, որ Բրյուսելը պետք է կանգնի ռուսական ճնշումների տակ հայտնված Հայաստանի կողքին։ Սա քննություն է Եվրամիության համար, ձևակերպել է Վլադիմիր Զելենսկին։
«Եվրամիությունը պետք է իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ հարաբերությունների շնորհիվ։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները», - նշել է նա։
Մինչ այս պահը շնորհավորանքներ են ստացվել նաև իսպանիայից, Բալթյան երկրներից, Շվեդիայից ու Հնդկաստանից։ Ռուսաստանում, մինչդեռ, առայժմ լուռ են։
«Մենք քվեարկության սպասում ենք վերջնական արդյունքներին», - այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը միաժամանակ վստահեցրել է, թե Մոսկվան ուշադիր հետևում է ընտրությունների, այդ թվում՝ խախտումների վերաբերյալ տեղեկություններին։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը, մինչդեռ, ավելին հեռուն է գնացել. «Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, հիմնականում՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում»,- հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, հավելելով՝ «հետապնդումները կենտրոնացել են բացառապես այն քաղաքական ուժերի վրա, որոնք պաշտպանում են հանրապետության կենսականորեն կարևոր դաշինքի ամրապնդումը Ռուսաստանի հետ, Հայաստանի շարունակական մասնակցությունը եվրասիական ինտեգրացիային, այդ թվում՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին»։
Պաշտոնական Մոսկվան միաժամանակ ընդգծել է, որ
Երևանի հետ հետագա հարաբերություններում «մտադիր է հիմնվել Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվելիք իրական քայլերի վրա»։