Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքի համակիրների տներում խուզարկություններ են եղել. ըստ դաշինքի՝ կան ձերբակալվածներ

Գյումրիում «Հայաստան» դաշինքի աջակիցների, անդամների տներում իրավապահները խուզարկություններ են իրականացրել, «Ազատության» հետ զրույցում հայտնեց քաղաքական ուժի պատգամավորության թեկնածու Հովիկ Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 7-ից մոտ մեկ տասնյակ իրենց համակիրների, այդ թվում՝ Գյումրիում գործող շտաբներից մեկի պետին տարել են: Սակայն թե որ ուժային կառույց և ինչու, հայտնի չէ, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում:

«Իրենց տնից տարել են ուժային կառույցների ներկայացուցիչները: Մինչև այս պահը տեղեկություն չունենք գտնվելու վայրից, մոտավորապես մոտ 10 համակիրների, շտաբների աշխատակիցների հետ չենք կարողանում կապ հաստատել: Բոլորին իրենց բնակության վայրերից են վերցրել», - ասաց Պետրոսյանը:

Իրավապահ կառույցները դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել:

Դաշինքն, իր հերթին, հայտարարությամբ շեշտել է, որ նախընտրական շտաբի անդամներին ապօրինաբար են բերման ենթարկում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով՝ որակելով սա ընտրական իրավունքի խախտում:

Դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանն էլ լրագրողներին փոխանցեց, որ մուտք են գործել նաև Անի թաղամասի շտաբ առանց հիմնավոր բացատրությունների:

Հայաստանն այսօր նոր խորհրդարան է ընտրում: «Ազատության» ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև.

XS
SM
MD
LG