Մատչելիության հղումներ

Հետընտրական զարգացումները Հայաստանում

Հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքներով՝ ԱԺ են անցնում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը

13:59 8.6.2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով:

«Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առիթով։ Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ», - X-ում գրել է Ուկրաինայի նախագահը:

«Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն պահն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա քննություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները», - ընդգծել է Զելենսկին:

13:58 8.6.2026
Արխիվաին լուսանկար
Արխիվաին լուսանկար

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով։

«Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար», - X-ում գրել է Անտոնիու Կոշտան։

«Միասին ԵՄ-ն և Հայաստանը կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում։ Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ ամբողջ տարածաշրջանի համար», - նշել է նա։

13:56 8.6.2026
Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։

«Ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ավելի ամրապնդելու, խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու և Եվրոպայի հետ մերձեցման խթանման համար», «X»-ում գրել է Ֆրանսիայի առաջնորդը։

13:55 8.6.2026

«Հայաստան» դաշինքը այժմ քննարկումների մեջ է և իր անելիքների ու մոտեցումների վերաբերյալ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեցին ընդդիմադիր դաշինքից:


12:26 8.6.2026
ՀՀ ԿԸՀ նիստ, արխիվ
ՀՀ ԿԸՀ նիստ, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ձայները բաշվում են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» - 727 հազար 827 ձայն, 49.825 տոկոս;

«Ուժեղ Հայաստան» - 340 հազար 88 ձայն, 23.281 տոկոս;

«Հայաստան» դաշինք - 145 հազար 113 ձայն, 9.934 տոկոս;

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 58 հազար 378 ձայն, 3.996 տոկոս:

Ըստ այս նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ին 0.004 տոկոս չի բավարարում անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար:

ԿԸՀ նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանեց. - «Կայքում հրապարակված թվերը չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները, ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ համակարգը անում է, հարյուրերորդականով հաշվարկած կլորացնում է, երբ որ կայքի հրապարակած թվերը զուտ գումարենք, այդ բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք, որ որոշակի տարբերություն կա հազարերորդական մակարդակով. սա այն դեպքում, երբ այդ թվերի մեջ ներառված չէ էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Այս դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեկ ձայնը անգամ կարող է որոշիչ լինել շեմին շատ մոտ քաղաքական ուժի [այսինքն՝ ԲՀԿ-ի] համար»:

«Բայց սրանք նախնական արդյունքներ են, մենք դեռ ունենք ճշգրտման, վերահաշվարկի փուլ, բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որ մեկ ձայնի ճշգրտությամբ թվեր ունենանք, և այն արդյունքը, որ կունենանք, իդեալական արտացոլի Հայաստանի ընտրողների կամքը», - վստահեցրեց Հովակիմյանը:


12:11 8.6.2026

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հետագա արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի»,- ըստ ՌԻԱ-ի, ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ղազախստանի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Տոկաևը նաև հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ պետության զարգացման գործում, ինչպես նաև խաղաղություն և բարեկեցություն։

Գիշերը, երբ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ամբողջական պատկեր դեռևս չկար, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորեց Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին՝ ընտրություններում հաջողության հասնելու կապակցությամբ։

«Անհամբերությամբ սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու նպատակով՝ մեր ազգերի բարգավաճման համար», գրել է Վրաստանի վարչապետը «X»-ի միկրոբլոգում:

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս շնորհավորել է, նշելով, որ Հայաստանն այսօր ամուր ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի։

12:08 8.6.2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։

«2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա», X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ։


10:43 8.6.2026

«Պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է», - այսօր խորհրդարանում հայտարարեց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ, որ ժողովուրդը նաև հստակ իր կամքը արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից, և իհարկե սա լինելու է քաղաքական մեծամասնության և Կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների և շատ վճռական և հատու քայլերով», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը:


10:11 8.6.2026

Բոլոր քվեաթերթիկների հաշվարկման նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 727 հազար 160 ձայն կամ 49.81 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 340 հազար 62 ձայն կամ 23.29 տոկոսը, «Հայաստան»-ը՝ 145 հազար 97 ձայն կամ 9.94 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 58 հազար 368 ձայն կամ 4 տոկոսը:

Մյուս քաղաքական ուժերը չեն հաղթահարել Ազգային ժողովում ներկայացված լինելու անցողիկ շեմը:

04:35 8.6.2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը գիշերը հայտարարությամբ հանդես եկավ՝ «խայտառակ» որակելով ընտրությունները:

«Դուք բոլորդ այս մեկ ամսում տեսաք՝ ինչ հալածանքների էինք մենք ենթարկվում, ինչ բռնությունների էինք մենք ենթարկվում: Մեզանից, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի այսօր կալանավորված են, 700-ից ավել մարդ ձերբակալվել են, և այս մարդիկ նույնիսկ չհանգստանալով՝ որոշեցին ընտրությունների օրը անհասկանալի գործերով զբաղվել: Նույնիսկ աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում են՝ «առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները», - հայտարարեց տնային կալանքում գտնվող ռուսաստանցի գործարարը:

Կարապետյանի պնդմամբ՝ «տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները նվազում են, և ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը, և մենք նույնիսկ չենք հասկանում՝ առավոտյան ինչ են ներկայացնելու»:

«Վստահ եղեք՝ ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, [...] ինքը, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը», - հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:

«Անպայման առավոտյան վերջնական արդյունքները ունենալուց հետո մենք նոր կարող ենք ասել և անպայման հայտարարությամբ հանդես կգանք ընտրության արդյունքների մասին», - ասաց Կարապետյանը:

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում շարունակում է թարմացնել տվյալները, և արդեն ամփոփված են 2005 ընտրատեղամասերի կեսից ավելիի՝ 1029 տեղամասերի նախնական արդյունքները:


Բեռնել ավելին

XS
SM
MD
LG