Երևանի թիվ 7/28 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող 2 հազար 219 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել են 1 254-ը, «Ազատությանն» ասաց հանձնաժողովի նախագահը։
Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, մինչև կսկսեն քվեների հաշվարկը:
Թիվ 9/22 ընտրատեղամասում 1 981 ընտրողներից քվեարկել են 1 143-ը կամ գրեթե 58 տոկոսը:
Դավթաշենի թիվ 5/1 ընտրատեղամասում 1 979 ընտրող է գրանցված, քվեարկել են 1 131-ը՝ ընտրողների 57.1 տոկոսը:
Աբովյանի թիվ 29/15 ընտրատեղամասում 1 887-ի ընտրողներից քվեարկել է ավելի քան 60 տոկոսը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։ Ժամը 20։00-ին ընտրատեղամասերը փակվեցին։
Հոսանքազրկումներ՝17/37, 18/6, 18/14, 18/32, 18/54, 18/79, 11/8 ընտրատեղամասերում։
Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ապրիլից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ: Դրանցից 9-ը` 16 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հաղորդում է Քննչականը:
Ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 մարդ կամ ընտրողների 48.92 տոկոսը, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2021-ին այս ժամին մասնակցել էր 989 հազար 972 մարդ կամ 38.17 տոկոսը:
Ժամը 17-ի դրությամբ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնում և թեժ գծին ստացվել է ընտրությունների հետ կապված 57 ահազանգ։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ արձանագրվել է կրկնաքվեարկության 19, քվեարկության գաղտնիության խախտման 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու 2, ընտրակաշառք տալու 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ։
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկությունները ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները, ասված է հաղորդագրությունում:
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքների գծով գերատեսչությունը փոխանցում է՝ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ, ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 916 անձ:
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը պնդում է՝ մի շարք խախտումներ են արձանագրել՝ բաց քվեարկության, ուղղորդվող կամ վերահսկելի քվեարկության բազմաթիվ դեպքեր, այս առնչությամբ հաղորդումներ են ներկայացրել ԿԸՀ և դատախազություն, որտեղից դեռևս արձագանք չկա։ Դաշինքից պնդում են նաև վարչական ռեսուրսի չարաշահման մասին։
Անդրադառնալով ընտրություններին ակտիվ մասնակցությանը, պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ընտրություններին այս ծավալի մասնակցությունը վկայում է, որ ՔՊ-ի վերարտադրության շանսերը մոտենում են զրոյի»։
Իշխան Սաղաթելյանը նշեց նաև. «Գործող վարչախումբը լայնածավալ ռեպրեսիաներ է սկսել՝ մասնավորապես «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների պատասխանատուների, համակիրների նկատմաբ։ Առավոտից ձերբակալություններ են։ Նպատակը՝ կազմալուծել, խոչընդոտել, սահմանափակել մեր շտաբների գործունեությունը»։
Սաղաթելյանի խոսքով՝ վստահ գնում են հաղթանակի. «Կարծում ենք՝ ընդդիմությունը միասնական ունի բոլոր հնարավորությունները իշխանություն ձևավորելու և Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին իշխանազրկելու։ Մենք խորհրդարան գնալու ենք իբրև իշխանություն, այս պահին այդ ակնկալիքն ունենք»։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը թիվ 7/46 տեղամասում մասնակցել է ԱԺ հերթական ընտրությունների քվեարկությանը:
«Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության», - նախագահականի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Խաչատուրյանը:
«Որևէ քաղաքական ճնշման մասին խոսք այստեղ չի կարող լինել, մարդիկ կոնին մեծ փող են դրել և դրա համար պիտի պատժվեն, որովհետև ընտրությունները չեն ենթադրում կազինո, ընտրությունները ենթադրում են քաղաքական պայքար, որին կմասնակցեն քաղաքական ուժերը և կշահեն կամ չեն շահի քաղաքացիների քվեն»,- այսօրվա հրավիրված ասուլիսում «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Խոսելով ընտրությունների ընթացքից՝ Հարությունյանը նշեց, որ այն «շատ լավ» են գնահատում, միևնույն ժամանակ ընդգծելով.- «Արձանագրում ենք, որ որոշ գործընկերներ, լրատվամիջոցներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում ընտրությունների շուրջ»։
«Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց. «Ընտրակաշառքի միջոցով իշխանության զավթման փորձը խաթարելու ենք և թույլ չենք տալու վերադարձ նախկին արատավոր բարքերին»։
Անդրադառնալով ընտրողների ակտիվությանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց.
«Մենք կարծում ենք, որ դա հիմնականում գործող կառավարության աշխատանքի գնահատականն է։ Բայց ես կարծում եմ, որ այստեղ նաև ավելացել է այն գործոնը, որ մեր քաղաքացիները, որոնք երբեմն անտարբերություն են ունենում ընտրությունների նկատմամբ, գնացել են ընտրության, որովհետև տեսել են, որ ինչ-որ օտար ուժեր մեր երկքաղաքացիներին ու քաղաքացիներին օգտագործելով՝ փորձում են քաղաքական իրավիճակ փոխել ՀՀ-ում։ Մարդը վեր է կացել տնից ու ասել է՝ ես եմ որոշող քաղաքացին և գնալու եմ քվեարկեմ։ Չեմ բացառում, որ այս ակտիվության մեջ որոշ տոկոս կարող է լինել նաև ապօրինի գործունեությունը»։
Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի 13/42 ընտրատեղամասից քաղաքացին ահազանգել էր, թե 16 համարի քվեաթերթիկն իրեն չեն տրամադրել քվեախցիկ մտնելու ժամանակ։ Հանձնաժողովի նախագահը հաստատեց, որ նման դեպք եղել է, սակայն հերքեց, թե դիտավորություն է եղել, նշեց՝ արձանագրություն չեն կազմել։