Նախագահ Վահագն Խաչատուրյանը թիվ 7/46 տեղամասում մասնակցել է ԱԺ հերթական ընտրությունների քվեարկությանը:
«Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության», - նախագահականի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Խաչատուրյանը:
«Որևէ քաղաքական ճնշման մասին խոսք այստեղ չի կարող լինել, մարդիկ կոնին մեծ փող են դրել և դրա համար պիտի պատժվեն, որովհետև ընտրությունները չեն ենթադրում կազինո, ընտրությունները ենթադրում են քաղաքական պայքար, որին կմասնակցեն քաղաքական ուժերը և կշահեն կամ չեն շահի քաղաքացիների քվեն»,- այսօրվա հրավիրված ասուլիսում «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Խոսելով ընտրությունների ընթացքից՝ Հարությունյանը նշեց, որ այն «շատ լավ» են գնահատում, միևնույն ժամանակ ընդգծելով.- «Արձանագրում ենք, որ որոշ գործընկերներ, լրատվամիջոցներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում ընտրությունների շուրջ»։
«Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց. «Ընտրակաշառքի միջոցով իշխանության զավթման փորձը խաթարելու ենք և թույլ չենք տալու վերադարձ նախկին արատավոր բարքերին»։
Անդրադառնալով ընտրողների ակտիվությանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց.
«Մենք կարծում ենք, որ դա հիմնականում գործող կառավարության աշխատանքի գնահատականն է։ Բայց ես կարծում եմ, որ այստեղ նաև ավելացել է այն գործոնը, որ մեր քաղաքացիները, որոնք երբեմն անտարբերություն են ունենում ընտրությունների նկատմամբ, գնացել են ընտրության, որովհետև տեսել են, որ ինչ-որ օտար ուժեր մեր երկքաղաքացիներին ու քաղաքացիներին օգտագործելով՝ փորձում են քաղաքական իրավիճակ փոխել ՀՀ-ում։ Մարդը վեր է կացել տնից ու ասել է՝ ես եմ որոշող քաղաքացին և գնալու եմ քվեարկեմ։ Չեմ բացառում, որ այս ակտիվության մեջ որոշ տոկոս կարող է լինել նաև ապօրինի գործունեությունը»։
Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի 13/42 ընտրատեղամասից քաղաքացին ահազանգել էր, թե 16 համարի քվեաթերթիկն իրեն չեն տրամադրել քվեախցիկ մտնելու ժամանակ։ Հանձնաժողովի նախագահը հաստատեց, որ նման դեպք եղել է, սակայն հերքեց, թե դիտավորություն է եղել, նշեց՝ արձանագրություն չեն կազմել։
Թիվ 9/60 ընտրատեղամասում ընտրողը եկել էր քվեարկելու, բայց արձանագրեց, որ իր անվան դիմաց արդեն ստորագրել են: Հանձնաժողովն արձանագրություն կազմեց:
Այս ընտրատեղամասում 2 հազար 225 ընտրողից 850-ը՝ 38.2 տոկոսն արդեն քվեարկել են:
«Հայաստան» կուսակցությունների դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքում արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր, հայտնում է «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը։
Ինչ խախտումներ է արձանագարել «Անկախ դիտորդ»-ը
Երևանի կենտրոնի ընտրական տեղամասերից մեկում (9/51) ընդհատվել է քվեարկությունը մոտ 40 րոպեով ու ըստ կազմակերպության անդամ Դանիել Իոաննիսյանի՝ եղել են մարդիկ, որ հեռացել են առանց քվեարկելու: Աշխատանքը տապալվել է տեխնիկական պատճառով:
«էլեկտրոնային գրանցման սարքերը, կտրոնները որոշ տեղերում խոտան են տալիս, որոշ տեղամասերում սարքերի վրա տպված համարը չի համապատասխանում ցուցակային համարին ու դանդաղեցնում է պրոցեսը, որովհետև հանձնաժողովի անդամը պետք է հին ձևերով գտնի ընտրողը որտեղ է ցուցակում»,- ասել է Դանիել Իոաննիսյանը:
Այս պահի դրությամբ 1420 ընտրական տեղամասերում են եղել դիտորդները: Խախտումներ նկատվել են 387 տեղամասում:
«Դիտարկված տեղամասերի մոտ 5.5 տոկոսը ընթացակարգային, ոչ էական խախտումներ են, մոտ 4.5 տոկոսում խախտումները գաղտնիության հետ կապված են, 4 տոկսում վերահսկողության դրսևորումներ են, ընտրողների հոգեբանորեն վերահսկողության մասով»,- հայտնում են «Անկախ դիտորդ»-ից։
Ըստ այս կազմակերպության՝ խախտումների 20 տոկոսը տեղամասային հանձնաժողովների անդամներն են արել, ինչպես նաև վստահված անձինք:
«41 տոկոսը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, 26 տոկոս Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ»,- ասուլիսում ասել է Դանիել Իոաննիսյանը:
Երևանի թիվ 9/60 ընտրատեղամասը տեղակայված է Պուշկինի անվան դպրոցում: Թեքահարթակ չկա, անվասայլակով տեղաշարժվող ընտրողին ոստիկանները գրկած (սայլակով) մոտեցրին ընտրելու: Հաշմանդամություն ունեցող տղամարդն ասաց՝ 30 տարի այսպես է գալիս ընտրության:
ԿԸՀ անդամն ասում է, որ վարչապետի՝ Հայաստանի քարտեզով քվեարկության գնալը խախտում չէ. քարոզչական իրերը խախտում են համարվելու, եթե դրանք կրում են վստահված անձինք, դիտորդներ ու հանձնաժողովի անդամները:
Արմավիր քաղաքի 16/4 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի» վստահված անձն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձը ընտրողներին է մոտենում, ինչ-որ բան շշնջում։ Կասկածներ ունի, որ ուղղորդում է:
«Հանձնաժողովի նախագահին տեղեկացրեցի՝ ասաց՝ իր մորքուրն է, մյուսն ընկերն է ու արձանագրություն չկազմեցին», - ասաց «Հայաստան» դաշինքի» վստահված անձ Քրիստինե Պողոսյանը:
ՔՊ-ի վստահված անձը հերքում է այս պնդումը։
Ժամը 14-ի դրությամբ 2 միլիոն 503 հազար 976 ընտրողների 33.84 տոկոսն է մասնակցել քվեարկությանը, հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2021 թվականի ընտրություններին նույն ժամի դրությամբ քվեարկել էր 26.82 տոկոսը: