«Վախը փող բաժանողների մոտ է, գիտեն, որ ընտրող չունեն, ստիպված են փող բաժանել, բայց վստահ եմ, որ արդեն գիտակցել են՝ շատ ուժեղ պարտվելու են», - հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանության վախի դրսևորում չե՞ն ընդդիմադիրների շրջանում ձերբակալությունները:
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խայտառակություն է որակում ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերը, կալանքները:
Այսօր քվեարկությունից հետո լրագրողները նրանից հետաքրքրվեցին Հակակոռուպցիոն կոմիտեի երեկվա հաղորդագրության մասին, համաձայն որի՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, «ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին»։
«Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր, ամբողջ օրը ինչ-որ ձայնագրություններ էր տարածում, տպավորություն է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են՝ տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում: Ես այդպիսի բան չեմ հիշում, որ հարյուրավոր մարդկանց վրա՝ բոլորն անխտիր ընդդիմադիր, քրեական գործեր, տնային կալանքներ, սա ուղղակի խայտառակություն է», - նշեց նա:
Կոմիտեն հունիսի 6-ին հայտնել էր, որ ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով ձերբակալվել է 194 անձ: Կառույցի տվյալներով՝ քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ։ 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ ընտրվել են կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ սա վախ սերմանելու նպատակ ունի:
Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 մարդ կամ ընտրողների 14.48 տոկոսը: 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում այս ժամին մասնակցել էր է 316 հազար 291 ընտրող կամ 12.2 տոկոսը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հավաքական ընդդիմությունը հաղթելու միանշանակ շանսեր ունի:
«Ով ամենաշատ ձայն հավաքի, նա էլ իր վարչապետի թեկնածուին կառաջադրի», - ասել է Ծառուկյանը:
Ծառուկյանը նույնպես հայտնել է իր համակիրների շրջանում ձերբակալությունների մասին:
«Մոտ 50 մարդու տարել են, անտեղի, որ մարդիկ չզբաղվեն... Ինչքան էլ անեն, մեկ է՝ պարտված են», - քվեարկելուց հետո լրագրողներին ասել է Գագիկ Ծառուկյանը, որի ղեկավարած կուսակցության մասին նույնպես իրավապահները ընտրակաշառքի հաղորդագրություններ են տարածել:
Խորհրդարանական ընտրություններին մասնակից «Միասնության թևերը» պատրաստ է օրինականության սահմաններում բոլոր հետընտրական գործընթացներին, քվեարկությունից հետո լրագրողներին ասաց քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:
Ըստ նրա՝ ամենակարևորն այն է, որ սա չպետք է լինի օտար շահերի հանրաքվե կամ ուրիշների շահերի ընտրություն:
Ինչ վերաբերում է խախտումներին, Մարդու իրավունքների նախկին պաշտպանը շեշտեց, որ ահազանգեր կան, որոնց ուշադրությամբ հետևում են և փորձելու են այնպես անել, որ քաղաքացու քվեն չգողացվի:
«Հենց հիմա էլ մեր բոլոր համակիրների շրջանում ձերբակալություններ են, երեկ էլ հարյուրից ավելի մարդ են ձերբակալել, բայց վախենալու որևէ բան չկա», - քվեարկելուց առաջ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Կարապետյանը հերքեց իրավապահների հաղորդագրությունները, որ «Ուժեղ Հայաստան»-ը ընտրակաշառք է բաժանում:
«Եթե բաժանած լինեինք, հիմա ինձ նորից կալանավորած կլինեի», - ասաց ռուսաստանաբնակ գործարարը, որն այժմ տնային կալանքի տակ է և քվեարկելու էր եկել իրավապահների ուղեկցությամբ:
Պատասխանելով հարցին, թե Փաշինյանի հաղթանակի դեպքում ինչի՞ է պատրաստ, Սամվել Կարապետյանն ասաց. «Ժողովուրդը ինչ կորոշի, այդպես էլ կլինի»:
Արտաքին հարաբերությունների վերաբերյալ Կարապետյանն ասաց, որ պետք է լինեն բալանսավորված, բոլորի հետ լավ հարաբերություններ:
«Ականատես» դիտորդական առաքելությունը ընտրատեղամասերում արձանագրել է 5 միջադեպ:
Այսպես՝ 7/6 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը քվեարկության գաղտնիության խախտման ռիսկի վերաբերյալ գնահատականը գրանցամատյանում արձանագրելու մասին։ Ըստ դիտորդի՝ քվեախցիկի տեղադրման վայրում առկա ելումուտի պատճառով տեսանելի էր դառնում քվեախցիկում կատարվող գործընթացը։
8/61 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը քվեարկության սենյակի կահավորման խնդիրն արձանագրելու վերաբերյալ։ Դիտորդի գնահատմամբ՝ քվեախցիկների ետնամասում գտնվող սանհանգույցների պատճառով այդ հատվածում տեղի ունեցող անցուդարձը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը։
8/38 ընտրատեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ուշացման պատճառով տեղամասային կենտրոնը մինչև 07։18 չի բացվել, և այդ ընթացքում որևէ անձի մուտքը տեղամասային կենտրոն չի թույլատրվել։
14/6 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտման ռիսկ․ քվեախցիկների հետևում առկա վարագույրը ցանկացած պահի կարող էր բացվել։ Դիտորդի առաջարկից հետո անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկվել, իսկ գնահատականը գրանցվել է ՏԸՀ գրանցամատյանում։
4/54 ընտրատեղամասում արձանագրվել է չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիր․ այն բացված է եղել դեռևս 06։55-ի դրությամբ՝ նախապատրաստական աշխատանքների մեկնարկից առաջ։
Գյումրիում «Հայաստան» դաշինքի աջակիցների, անդամների տներում իրավապահները խուզարկություններ են իրականացրել, «Ազատության» հետ զրույցում հայտնեց քաղաքական ուժի պատգամավորության թեկնածու Հովիկ Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 7-ից մոտ մեկ տասնյակ իրենց համակիրների, այդ թվում՝ Գյումրիում գործող շտաբներից մեկի պետին տարել են: Սակայն թե որ ուժային կառույց և ինչու, հայտնի չէ, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում:
Իրավապահ կառույցները դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել:
Դաշինքն, իր հերթին, հայտարարությամբ շեշտել է, որ նախընտրական շտաբի անդամներին ապօրինաբար են բերման ենթարկում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով՝ որակելով սա ընտրական իրավունքի խախտում:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն քվեարկեց խորհրդարանական ընտրություններում:
«Կատարեցինք մեր ընտրությունը՝ աղոթքով և հայցով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը», - քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գարեգին Բ-ն:
«Մենք կատարեցինք մեր ընտրությունը՝ աղոթքով և հայցով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին, ծանր այս փորձությունները և կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարգ և բարօր երկիր», - նշեց կաթողիկոսը: