Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ «ձևավորվող խորհրդարանը լեգիտիմ չէ»։
«Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի անվան Սահմանադրական դատարան դիմելը նպատակահարմար չենք համարում։ Մենք համոզված ենք, որ դատական իշխանությունը անկախ չէ և ամբողջությամբ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին» ,- «Ազատությանը» փոխանցեց Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան»-ը ընտրություններում ստացել է շուրջ 7 հազար ձայն:
Արդեն հինգ ընդդիմադիր ուժեր հայտարարել են ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մասին: Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան», Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքներից, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից և Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ից բացի, այսօր Սահմանադրական դատարան դիմելու մասին հայտարարեց նաև նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի «Միասնության թևեր»-ը: Կուսակցությունը նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում էր վիճարկել ընտրությունների արդյունքները:
Բարձրագույն դատարանը դիմումներն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի:
Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ բարձրագույն դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգը», և երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:
««Անկախ դիտորդ» դաշինքը համարում է, որ ԿԸՀ-ի կողմից 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելը ակնհայտ ու բացահայտ ապօրինի է»,- հայտարարել է դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը:
ԿԸՀ որոշումից հետո վեց կուսակցություններ հայտարարություն տարածեցին.
«Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»:
Հայտարարության տակ ստորագրած կուսակցություններն են.
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք
«Հայաստան» կուսակցությունների դաշինք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
«Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցություն
ԿԸՀ նիստի ընթացքում այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց.- «Ընտրությունների ժամանակ լիարժեք ապահովվել է ՀՀ քաղաքացիների կողմից իրենց ընտրական իրավունքի իրացումը, քաղաքացիները լիարժեք իրացրել են իրենց ընտրական իրավունքը: Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա միակ համատարած բանը, որ արձանագրվել է այս ընտրությունների ընթացքում դա մասսայական ընտրակաշառքի բաժանումն է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, նշելով.- «Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը բառիս բուն իմաստով ունեզրկելը: Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել: Սա է քաղաքական օրակարգը»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստանալով 58 287 քվե կամ 3.9893 տոկոս, այսպիսիով խորհրդարանում ներկայացված չի լինի:
ԱԺ մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։
Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներից ՔՊ-ն ստացել է 3, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 1 մանդատ։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա», նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Այս հայտարարությունից հետո դահլիճում ընդդիմության ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն արտահայտեցին, ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտարարեց. «Դուք խոչընդոտում եք ՀՀ-ում ժողովրդավարության կայացմանը, Ձեր իշխանությունների հռչակած ժողովրդավարության կայացմանը»:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շարունակեց ընթերցել որոշումը. «ԿԸՀ-ն որոշում է՝ ՀՀ ԱԺ 2026թ-ի հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում ելույթ ունեցան ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր պահանջում են վերաքվեարկություն:
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց. «Մենք չենք կարող ասել, որ այս ընտրությունները եղել են օրինական, վերաքվեարկությունը պարտադիր է»:
Այս շաբաթ ընտրատարածքային հանձնաժողովներում տեղի ունեցած վերահաշվարկից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայներն ավելացան 147-ով, սակայն դրան զուգահեռ 222-ով պակասեցին՝ 3 ընտրատեղամասերի ՝ 35/ 65 -ի, 10/51 -ի և 12/13 -ի արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո:
ԲՀԿ-ն ևս պահանջում է վերաքվեարկություն այդ ընտրատեղամասերում: ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին հարց ուղղեց. «Ես, իրոք, ուզում եմ հարց ուղղել Ձեզ, Դուք, իրոք, էդպե՞ս եք մտածում... որ այս տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը որևէ էական և գործուն ազդեցություն չունեն ընտրական արդյունքների ամփոփման վրա... Ոտնահարվում է 3000-ից ավել ընտրողների իրավունքը, մարդիկ գնացել են, քվեարկել են տարբեր քաղաքական ուժերի օգտին»։
Եզրափակելով ելույթը, Տոնոյանը դարձյալ խոսքը ԿԸՀ նախագահին ուղղեց. «Ո՞րն է էական ազդեցությունը, եթե ընդամենը 200 ձայնի համամասնությամբ դուք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միտումնավոր, հետևողական կերպով զրկում եք խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից։ Խնդիրը էստեղ «Բարգավաճ Հայաստան կուսակցության» ներկայացվածության մեջ չէ։ Խնդիրը էստեղ այն իրավական մանիպուլյացիաներն են ու թվաբանական մանիպուլյացիաներն են, որոնք հետևողականորեն օրերի ընթացքում իրականացվել են և հիմա էլ շարունակում են իրականացվել»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանն էլ նշեց.- «Ընտրությունների ժամանակ լիարժեք ապահովվել է ՀՀ քաղաքացիների կողմից իրենց ընտրական իրավունքի իրացումը, քաղաքացիները լիարժեք իրացրել են իրենց ընտրական իրավունքը: Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա միակ համատարած բանը, որ արձանագրվել է այս ընտրությունների ընթացքում դա մասսայական ընտրակաշառքի բաժանումն է»:
Ջուլհակյանը նշեց, որ ինքը ևս դժգոհություն ունի ԿԸՀ-ից.- «Նման խաղախտումները չէին կարող չազդել ընտրությունների ազդեցությունների վրա և ես կարծում եմ, որ դուք դա պետք է արձանագրեիք և գնահատեիք այդ խախտումների ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա»:
ԿԸՀ-ի առջև ընդդիմության ակցիայի մասնակից, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկ հագած հայտարարեց, որ հացադուլ է սկսում, մինչև նոր ընտրություններ անցկացվեն:
ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ այդմ.
«Ուժեղ Հայաստան»-ը ստանում է 340 006 քվե կամ 23.2710 տոկոս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 58 287 քվե կամ 3.9893 տոկոս
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 726 819 կամ 49.7456 տոկոս
«Հայաստան» դաշինքը՝ 144 983 կամ 9.9231 տոկոս
ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները, զուգահեռ ընդդիմությունն ակցիա է անում
ԿԸՀ-ի դիմաց երեք ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն են: Հավաքվածները պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել:
Մինչ ԿԸՀ նիստի մեկնարկը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԲՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խնդիրը «Բարգավաճ Հայաստանի» 4 տոկոս անցողիկ շեմը հաղթահարելը և խորհրդարանում ներկայացված լինելը չի.
«Սա հնարավորություն է արդարությունը վերականգնելու, որովհետև ամբողջ ընտրությունների արդյունքի համապատկերն է փոխվում։ Ընդհանրապես, կասկածի տակ է դրվում ընտրությունների ամբողջ գործընթացի լեգիտիմությունը, սա երկրորդ։ Եվ երրորդը՝ որևէ մեկն իրավունք չունի ո՛չ մանդատագողությամբ, ո՛չ ձայնագողությամբ զբաղվելու և, կոնկրետ, նման թքած վերաբերմունք ունենալու ընտրողների ընտրելու իրավունքի վրա», - նշեց նա։
Ընդդիմադիր գործիչները բողոքի ակցիայի ընթացքում նշում էին, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ և դրան նախորդող ընտրական ժամանակաշրջանում «համակարգված և համատարած ընտրախախտումներ են տեղի ունեցել»։ Իշխանությունն ի պատասխան բազմիցս հայտարարել է, թե ընդդիմությունը կամիր գիծ է հատել՝ բաժանելով ընտրակաշառք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր հայտարարեց.- «Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը բառիս բուն իմաստով ունեզրկելը: Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել: Սա է քաղաքական օրակարգը»: