Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 485 հազար 851 է, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:
«2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8», - ասված է հայտարարությունում:
Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ: Մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ ԱԼՅԱՆՍ առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչությունը որոշում է կայացրել ինքնաբացարկ հայտնել ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։