Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու՝ «Հանրապետություն» կուսակցությունը դիմումը: Դիմումը ստորագրել է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նիստի սկզբում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Արամ Սարգսյանի դիմումը: «2026 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից, նրանց թողտվությամբ, խթանմամբ կամ համաձայնությամբ ենթադրաբար կատարվել են ընտրակաշառքի բաժանման և ընտրողների մոտ այլ եղանակով քողարկված գույքային շահագրգռվածության ուղղված բազմաթիվ գործողություններ», - նշված է դիմումում:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է, թե ընտրակաշառք է խոստանում ու տալիս ընտրողներին:
Միջնորդությունը մերժվեց
«Հանրապետություն» կուսակցությունը միջնորդեց, որ ԿԸՀ-ն Հակակոռուպցիոն կոմիտեից, Գլխավոր դատախազությունից ու ԱԱԾ-ից պահանջի տեղեկանք, որը կպարունակի տեղեկություն այն անձանց մասին, որոնք Հակակոռուպցիոն կոմիտեի քրեական վայրույթների շրջանակներում գտնում են իրավապահների տեսադաշտում: ԿԸՀ-ն այս միջնորդությունը մերժեց:
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներն իրավական անհեթեթություն որակեցին դիմումը: Դիմումի պահանջը հստակեցնելու պահանջ եղավ:
Կուսակցության կամ դաշինքի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առնվազն 5 անդամի որոշմամբ, եթե գրանցումից հետո հայտնի դառնա, որ կուսակցության փաստաթղթերը կեղծված են: Ընտրական օրենսգրքում նկարագրվում է, թե «կեղծվածը» ինչ է նշանակում. նշված է մեկ օրինակ՝ կուսակցության համագումարի կամ ղեկավար մարմնի ոչ իրավազորության կամ անհրաժեշտ որոշումներ չընդունելու հիմքը, բայց միայն, եթե դա հաստատվել է դատական ակտով: ԿԸՀ անդամները նկատեցին, որ գրանցումն անվավեր ճանաչելու հիմքը այս դեպքում առկա չէ:
Ինչ վերաբերում է կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելուն, ապա այս դեպքում դատարանը կուսակցության կամ դաշինքի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե եզրակացնի, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից: Բոլոր այս դեպքերում որոշումները կարող են բողոքարկվել միայն վարչական դատարանում:
«Հանրապետությունը» ԿԸՀ ներկայացրեց դիմումը երեկ ուղիղ եթերում վարչապետի հորդորից մի քանի ժամ անց: