Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն սկսել է քննել Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու մասին դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր սկսեց քննել «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանի դիմումը՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու վերաբերյալ։

Էդմոն Մարուքյանը հանձնաժողովի նիստին պնդեց, որ «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանն անաչառ չէ, հայտարարություններով արատավորել է իր բարի համբավը։

«Իոաննիսյանը, իմ կարծիքով, թիրախավորելով մեզ, ավելի լավ պայմաններ է ստեղծում մեր հետ մրցակցող ընդդիմադիր ուժերի համար, տարբերակ մեկ: Տարբերակ երկրորդ՝ դրանով աջակցում է իշխող ուժին: Հասկանում եմ, որ կարող է իր հայացքներն ունենա, իշխող ուժին աջակցի, թող գնա ընտրի, բայց եթե պետք է գա հավատարմագրվի, հետո որպես դիտորդ մեզ թիրախավորի, մենք ակնկալու ենք ԿԸՀ միջամտությունը, որ այս խնդիրը կարգավորվի», - ասաց Մարուքյանը:

«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հակադարձեց՝ Իոաննիսյանը որևէ ուժի դեմ որևէ հակաքարոզչություն չի արել, դրսևորել է քաղաքական չեզոքություն, ընդամենը իր ֆեյսբուքյան էջում տարածել է այլ աղբյուրներից բերված տվյալներ։

Իոաննիսյանը օրերս գրառմամբ անդրադարձել էր ռուսալեզու Хроника Кавказа-ի հոդվածին, նշել, որ Մարուքյանը ի թիվս այլ գործիչների, հասարակական կարծիքն առաջնորդող է։ Ըստ այդ հրապարակման, այս անձանց, այդ թվում՝ որոշ մեդիա ռեսուրսների, հրահանգված է առաջ մղել ռուսամետ քարոզչություն։

Իոաննիսյան իր խոսքում ասաց. «Ես արտահայտել եմ զարմանքս, ընդամենը դա։ Ոչ ասել եմ՝ լավ է, վատ է, որ Մարուքյանն էլ կա։ Ընդամենը զարմանքս եմ արտահայտել տեղի ունեցածի վերաբերյալ: Ի՞նչը հերքեմ, զարմանքս»:

Վաղը՝ ժամը 11:00-ին ԿԸՀ-ն կհրապարակի իր որոշումը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG