Ավստրիայի հակահետախուզության նախկին աշխատակից Էգիստո Օտտը Վիեննայի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության գործով։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա դատապարտվել է 4 տարի և 1 ամիս ազատազրկման։
63-ամյա Օտտը մեղավոր է ճանաչվել լրտեսության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կոռուպցիայի և յուրացման համար։ Խարդախության մեկ դրվագով նա արդարացվել է։ Նախկին հետախույզը չի ընդունել մեղքը։
Քննության վարկածով՝ Օտտը գործել է Ռուսաստանի շահերից ելնելով և կապ է ունեցել Wirecard ընկերության նախկին բարձրաստիճան ղեկավար Յան Մարսալեկի հետ։ Wirecard-ի փլուզումից հետո Մարսալեկը թաքնվել է, և արևմտյան հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ գտնվում է Ռուսաստանում։
Դատախազությունը պնդում է, որ Օտտը փոխանցել է փակ տեղեկություններ և օգնել տվյալներ ստանալ ոստիկանության բազաներից։
Reuters-ը նշում է, որ այս դատավարությունը ժամանակակից Ավստրիայի խոշորագույն լրտեսական գործերից մեկն է։