Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը գիշերը ինտենսիվ հարվածել են Կիևին․ զոհ և վիրավորներ կան

Ռուսական ուժերը մայիսի 14-ի գիշերը հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով քաղաքում հրդեհներ են բռնկվել։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ քաղաքի մի քանի շրջանում վնասվել են բնակելի տներ և այլ շինություններ։ Դառնիցկի շրջանում մասամբ փլուզվել է բազմահարկ շենքի մի հատված։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 բնակչի։

Զանգվածային հարվածի է ենթարկվել նաև Կիևի մարզը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ մարզում վիրավորվել է առնվազն 7 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Օբուխովի, Բրովարիի, Ֆաստովի, Բորիսպիլի և Բելայա Ցերկովի շրջաններում վնասվել կամ այրվել են առանձնատներ և բազմաբնակարան շենքեր։

Մայիսի 13-ին Ուկրաինայի ռազմական հետախուզությունը նախազգուշացրել էր, որ Ռուսաստանը կարող է հերթական օդային հարձակումն իրականացնել երկրի կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ մայիսի 13-ին Ռուսաստանը Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքի ուղղությամբ արձակել է առնվազն 800 անօդաչու սարք։ Նրա տվյալներով՝ այդ հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

XS
SM
MD
LG