Իշխանության համար պայքարող «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Սամվել Կարապետյանը համարո՞ւմ է, որ Ռուսաստանի նախագահի հորդորը Հայաստանի իշխանությանը, որ արագ կողմնորոշվի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ճնշում է:
Իր գործով դատական նիստից առաջ Ռուսաստանում իր կարողության մեծ մասը կուտակած Կարապետյանը լրագրողների այս հարցին ընդհանրական պատասխան է տվել. - «Ոչ միայն Ռուսաստանի, բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում և ոչ ճիշտ Հայաստանի համար»,- ասել է Կարապետյանը։
Իսկ ի՞նչ փուլում է Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը, ի՞նչ քայլեր է արել այս ուղղությամբ: Գործարարն այս հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն կատակել է. - «Առավոտը զարթնել եմ, զանգել եմ [խմբ.՝ փաստաբան] Վարդևանյանին ու ասել՝ շտապ սկսիր քայլերը: Ես Վարդևանյանին վստահում եմ, այդ հարցով ինչ թուղթ բերում է, ստորագրում եմ»։
«Ուժեղ Հայաստանը» հայտարարում է, թե իրենց վարչապետի թեկնածուն Կարապետյանն է: Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող գործարարը, սակայն, չի կարող հավակնել այդ պաշտոնին սահմանադրական արգելքի պատճառով։
Կարապետյանի գործով դատական նիստը շարունակվում է:
Քննչականը «Տաշիր գրուպ»-ի սեփականատիրոջը մեղադրում է իշխանությունը զավթելու կոչի, ինչպես նաև խոշոր չափի հափշտակություն, հարկերից խուսափելը կազմակերպելու և փողերի լվացման համար: Ինքը՝ Կարապետյանը, հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները, համարում քաղաքական հետապնդում։