«Ականատես» դիտորդական առաքելություն ներկայացրել է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների առնչությամբ մինչև մայիսի 5-ը դիտարկման արդյունքները։
Դիտարկման համար ներգրավվել է 61 երկարաժամկետ դիտորդ, որոնք աշխատել են Հայաստանի 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների տարածքներում։ Նրանք իրականացրել են 120 այց ԸԸՀ-ներ, 277 այց կուսակցությունների տարածքային գրասենյակներ, մասնակցել 73 նախընտրական միջոցառումների և անցկացրել ավելի քան 1300 հարցազրույց քաղաքացիների հետ։
ԿԸՀ նիստերի մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով-ի 16 նիստերի դիտարկման արդյունքում արձանագրվել է, որ որոշումները հիմնականում կայացվել են միաձայն, բովանդակային քննարկումները հաճախ իրականացվել են «կադրից դուրս»։ «Ականատես»-ը շեշտում է, որ նիստերը չպետք է վերածվեն զուտ հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքների հրապարակման ձևաչափի։
Միաժամանակ արձանագրվել է, որ ԿԸՀ կայքում որոշ փաստաթղթեր հրապարակված են միայն PDF ձևաչափով և մեքենայական ընթեռնելի չեն։
«Ականատես»-ը նաև նշում է, որ ԿԸՀ-ն սկզբում մերժել էր «Ազատ քվե» դիտորդական առաքելության կազմում ընդգրկված «ՄԵՆՔ» ՀԿ-ի հավատարմագրումը: Մերժման հիմքում դրվել է այն, որ կազմակերպության կանոնադրությունում բառացիորեն նշված չեն «ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության» եզրերը։
Սակայն դատարանը պարտավորեցրել է ԿԸՀ-ին գրանցել կազմակերպությունը՝ արձանագրելով, որ պետք է գնահատվի ոչ թե ձևակերպումը, այլ կազմակերպության գործունեության բովանդակությունը։
ԸԸՀ-ների մասին
Դիտորդները հայտնել են, որ որոշ ընտրատարածքային հանձնաժողովների հետ կապ հաստատելը բարդ է եղել, իսկ առանձին դեպքերում դիտորդներին հորդորել են տեղեկատվություն ստանալու նպատակով ներկայացնել պաշտոնական գրավոր հարցում։
Արձանագրվել են նաև շենքային և տեխնիկական խնդիրներ՝ ինտերնետի խափանումներ, վերանորոգվող տարածքներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար անհասանելի շենքեր։
Տեղամասային ընտրական հանձնաժողովների դասընթացների մասին
Դիտարկված 22 վերապատրաստումներում արձանագրվել են արտագրության դեպքեր, հեռախոսների օգտագործում և կարգապահական խախտումներ։ Աբովյանում 3 մասնակից հեռացվել է քննությունից։
Առանձին դեպքերում դիտորդներին նաև արգելվել է հետևել դասընթացներին կամ լուսանկարել մասնակիցների ցուցակները, ինչը «Ականատես»-ը գնահատել է որպես թափանցիկության համար ռիսկային պրակտիկա։
Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, որից 17-ը՝ կուսակցություն, 2-ը՝ դաշինք։