Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» քարոզարշավը սկսեց Սյունիքից, որտեղ այսօր ու վաղը կհանդիպեն ընտրողներին։
Իշխանականները Երևանից դատարկաձեռն չէին գնացել. քարտեզ ու բուկլետ՝ մեծերին, երեխաներին՝ թխվածքաբլիթ։
ՔՊ գլխավոր քարոզիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Նա մեկ Հայաստանի քարտեզն էր բաժանում, մեկ՝ մարդկանց հետ զրուցում, մեկ՝ խոսափողով հավաքվածներին դիմում:
«Մեր տղերքը զոհվեցին էն բանի համար, որ երբ որ էսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ», - 2021-ի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունն էր անում, 2026-ի քվեարկությունից առաջ՝ այս.
«Ասում են՝ հող ենք կորցրել, էդ հողը ինչո՞վ ա մերը էղել, մի քանի գեներալների տիրապետության տակ, որ ցորեն քցեն ընդեղ, ասենք, ենթադրենք ... Ընդեղ դպրո՞ց են կառուցել, մանկապարտե՞զ են կառուցել, գործարա՞ն են կառուցել, ապրե՞լ ենք ընդեղ, ինչո՞վ ա մերը էղել, մերը չի էղել: Ոչ միայն էդ մերը չի էղել, այլև օգտագործվել ա նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլնի: Որ ասում են՝ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, սո՛ւտ ա դա: Իրականությունն էն ա, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն ա»:
Հինգ տարի առաջ ՔՊ-ն հայաստանցիներին խոստանում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանում, հումանիտար խնդիրների լուծում։ Նաև այդ առաջարկով խորհրդարանի մեծամասնությունը պատերազմից մի քանի ամիս հետո վերցրած ուժը 2022-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, 2023-ին Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց, 19 գերիներ դեռ ադրբեջանական բանտերում են, իսկ Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների քանդումը, կարծում է վարչապետ Փաշինյանը, Հայաստանը չպիտի դարձնի միջազգային քննարկման առարկա։
Այսօր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը միայն նախաստորագրված է, Ադրբեջանն այն ստորագրելու համար Հայաստանի Սահմանադրության փոփոխություն է պահանջում։ Երկու տարի է՝ տեղից չի շարժվում սահմանազատումը:
Կոնկրետ Սյունիքում Սև լճի տարածք 2021-ից ներխուժած ադրբեջանցիները հետ չեն գնացել: Բացի այդ, իշխանության երկու տարի առաջվա հաշվարկով հենց Սյունիքում են ամենաշատ տարածքները, որոնք հայկական են ու որոնք Ադրբեջանը օկուպացված է պահում:
Տեղը ևս նման հողեր ունի, այսօր գյուղացիներից մեկը հարցը բարձրացրեց. - «23 թվին մեր գյուղից 100 հեկտար վարելահողն ընկել ա թուրքին, հիմա իրանք նստած են մեջին: Ունեցվածքից զրկվել ենք: Առաջին տարին փոխհատուցում են տվել՝ հեկտարին 500 հազար փող էին տվել, որ, ասենք, էդ ցորենը մենք պիտի հնձեինք, չենք հնձել: Կա՛մ պետպահուստի հողերից հատկացնեն, կա՛մ փոխհատուցում տան, կա՛մ շուկայական գնով ...»:
«Կամ էլ սահմանազատումը շուտ անենք՝ էդ խնդիրը լուծենք», - ընդհատեց վարչապետը:
«Սահմանատումը լինելը կարա տաս տարի ... Եկամուտից զրկվում եմ չէ՞ ես», - արձագանքեց Տեղի բնակիչը:
«Հասկացա, եթե տաս տարու հարց լինի, ձեր ասած տարբերակները կնայենք», - նշեց Փաշինյանը:
Չնայած Երևանն ու Բաքուն վերջնական հաշտություն չեն կնքել, բայց ապաշրջափակման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Առևտուր են սկսել, Ադրբեջանն իր տարածքով նաև Ռուսաստանից եկող բեռների տարանցումն է բացել։
Արդեն ութ տարի իշխանության ղեկին գտնվող ՔՊ-ի հիմնական կոչը խաղաղությանը տեր կանգնելն է։
Սահմանին կրակոցներ ու զոհեր չկան, խաղաղությունը, ըստ իշխանականների, հաստատվել է։
«Էրկու տարի Հայաստան - Ադրբեջան սահմանին հրաձգության հետևանքով զոհ չենք ունեցել, և էսօրվա ընտրության ամենակարևոր արձանագրումը դա ա», - հայտարարեց վարչապետը:
Անգեղակոթում Փաշինյանը Սյունիքից դեպի Նախիջևան ճանապարհի բացման թեման արծարծեց։ Տղամարդկանցից մեկը մատնացույց արեց գյուղի պանթեոնը։
«Ճանապարհի բացման մասին ի՞նչ կարծիքի եք։ Ոչինչ, թող բաց ըլնի, կամաց-կամաց, պուճուր-պուճուր... Մեր պանթեոնների առաջ ծնկի ենք գալիս, բայց թող ճանապարհը բաց ըլնի։ Կյանքը ցույց կտա», - ասաց Փաշինյանը։
Ընդդիմախոսներին վարչապետն անդրադարձավ Տեղ համայնքում. - «Դու ո՞վ ես, արա, որ որոշես քո վարչապետը, դու ո՞վ ես, ընդհանրապես ձեր էդ խմբակը, դուք ո՞վ եք, ձեզնից ի՞նչ եք ներկայացնում: Հայաստանի Հանրապետությունում մի որոշող կա, ով որ կմտածի, որ Հայաստանի քաղաքացուն կարա առնի, իրա քիթ ու մռութը ջարդվելու ա, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին ա հագնելու իրանց քիթ ու մռութը, իրանց ոտերն ա ջարդվելու, Հայաստանի Հանրապետության պատին են հագնելու: Էդ ո՞վ ա ձեզ հավատացրել, որ դուք կարաք Հայաստանում գաք դվիժենի անեք»:
«Ուժեղ Հայաստան»-ն առաջնորդող, բայց ընտրություններին չմասնակցող Սամվել Կարապետյանից բացի, նաև «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից խոսեց. - «Մեկն էլ կար, ասում էր՝ «ես միակ տղամարդն եմ»: Այդ տղամարդը էս մարդիկ են՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որ 2018 թվին ձեր վզից վերցրին ու շպրտեցին: Եվ դուք էս ընտրություններում Հայաստանի Հանրապետության տղամարդկանց տղամարդկությունն եք տենալու և կանանց կանացիությունն եք տենալու»:
Չշրջանցեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ընտրարշավին չի էլ մասնակցում. - «Որ մինչև հիմա ասում էինք՝ առաջին նախագահ, հիմա պատմությունը փոխվել ա, ընկալումը փոխվել ա: Էդ մարդը Հայաստանի Հանրապետությունը առաջնորդել ա դեպի թակարդ, որ մենք պետություն լինելու շանս չունենանք, և հիմի էլ իրանք տրաքում են, գիտե՞ք ինչից՝ որ մենք մեր պետությունը թակարդից հանել ենք»:
Թոշակների բարձրացում տարեվերջին բյուջեով չնախատեսվեց, իսկ ընտրություններին ընդառաջ 10 հազարով, այնուամենայնիվ, ավելացավ։
Գորայքում վարչապետը չհավատաց, որ 70 տարեկան է տղամարդը. - «Վայ, տնաշեն, ազնիվ խոսք, եթե ես 57-ից ավել ձեզ... հլը, 70 տարեկան մարդու տեսք ա՞, շատ ապրեք: Բա էդ նշանակում ա՝ ձեր թոշակն էլ ա ավելացել: Ամեն տեղ գրելու եմ, էստեղ, ձեր տնից քանի՞ ձայն գրեմ»:
«Չորս, չորս հոգի», - արձագանքեց տանտերը:
Այսօրվա քարոզարշավին իշխանությունն ակտիվորեն անդրադառնում է ոչ միայն թոշակների, այլև առողջապահության ապահովագրության թեմային, որը դարձյալ ընտրական տարում ներդրվեց, գումարած՝ նոր սարքած ճանապարհներ:
«Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն ա ասֆալտ արել, մեկ՝ ես, ճի՞շտ հասկացա», - ասաց Փաշինյանը։
Այսօրվանից 15-հոգանոց Կառավարության 12 անդամներ՝ վարչապետի գլխավորությամբ, տարբեր ժամկետներով արձակուրդ են վերցրել, ամենաերկարը հենց քարոզարշավը առաջնորդող Փաշինյանը կլինի արձակուրդում. 29 քարոզարշավային օրերից 28-ը, միայն մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին կվերադառնա աշխատանքի։
Երեկ հանրապետության նախագահն անձամբ է հաջողություն մաղթել իրեն այցելած ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին և, ինչպես ձևակերպել է, բոլոր այն ուժերին, ովքեր օրենքով կշարժվեն։
Մյուս քաղաքական ուժերը, սակայն, քարոզարշավից առաջ նախագահի ընդունելությանը չեն արժանացել։