Մատչելիության հղումներ

Վարչապետը և մի շարք պաշտոնյաներ արձակուրդ են մեկնում

Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով Հայաստանի վարչապետը վաղվանից կգտնվի արձակուրդում։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ:

«Այն կընդհատվի միայն մայիսի 28-ին, որպեսզի պետական տոնի օրը որոշակի պարտականություններ ունեմ, այդ պարտականությունները կատարեմ, և գուցե նաև աշխատանքային ինչ-որ հարցեր լինեն այդ առիթով։ Բայց, ընդհանուր առմամբ, պլանավորում եմ քարոզարշավի մեջ լինել: Այսօր Կառավարության նիստում նաև ասացի, որ ամենակարևոր խնդիրն այն է, որ մենք ապահովենք մեր պետական ինստիտուտները, Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի արտահայտությունը և, իհարկե, քաղաքական գաղափարների և ասելիքի ազատ մրցակցությունը երկրում», - ասել է Փաշինյանը:

«Դա ամենակարևոր բանն է, որպեսզի նաև ընտրությունների արդյունքներն արտահայտեն ժողովրդի կամքը, և իհարկե, նաև ընտրությունների և ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցության դեմ պայքար պետք է տեղի ունենա, որը մեր պետական ինստիտուտների գործառույթն է», - նշել է վարչապետը՝ հավելելով. - «Ես համոզված եմ, որ մեր ինստիտուտները կկարողանան այդ գործառույթն իրականացնել, որպեսզի ամեն ինչ մնա բացառապես քաղաքական գաղափարների և ասելիքի մրցակցության դաշտում»։

«Կարծում եմ, որ բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին հանրության գնահատականի հերթն է, և հանրությունը պետք է իր քվեարկությամբ գնահատական տա: Եվ մենք այս ընթացքում ամեն ինչ կանենք, որպեսզի մեր ժողովուրդը որոշումներ կայացնելու համար իրեն անհրաժեշտ հնարավորինս ամբողջական տեղեկատվություն ստանա, չնայած մինչև այս էլ այդ ուղղությամբ առավելագույն ենք արել», - ասել է Փաշինյանը։

Խաչատուրյանն ընդգծել է. - «Իհարկե, անհանգստություն բոլոր դեպքում կա, Կառավարության ղեկավարը և Կառավարության անդամների մի մասն արձակուրդ են գնում նախընտրական քարոզչության մասնակցելու համար, բայց դա մեր օրենքն է [...] և Դուք առաջնորդվում եք օրենքով»։

«Ես վստահ եմ, որ Ձեր կողմից, Կառավարության կողմից, իշխանության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրություններն անցնեն թափանցիկ, առանց որևէ խնդիրների և ընտրության արդյունքները կասկած չհարուցեն, որովհետև այս տարիների ընթացքում մեզ համար ամենամեծ փորձությունը միշտ եղել է ընտրությունը, և վատ իրադարձությունները տեղի են ունեցել հենց ընտրությունների և հետընտրությունների ընթացքում», - ասել է նախագահը:

«Նաև ցանկանում եմ, որ ընտրության մասնակից կողմերը նույն կերպ վերաբերվեն, և նաև բոլորս հասկանանք՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքը կա և ոչ ոք օրենքից դուրս չէ, և ընտրական, և ոչ ընտրական պրոցեսներում, եթե խախտումներ են տեղի ունենում, դրանք պետք է պատժվեն», - նշել է Խաչատուրյանը:

«Ես հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ որպես Կառավարության, պետության ղեկավարի՝ ընտրությունները հաջող կազմակերպելու համար, նաև Ձեզ՝ որպես քաղաքական թիմի ղեկավար, ընտրական պրոցեսներում։ Նաև հաջողություններ եմ մաղթում բոլոր այն կուսակցություններին, որոնք իրականում օրենքի շրջանակներում կշարժվեն: Եվ այդ հաջողությունները մաղթում եմ այն պատճառով, որ ես վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը հաղթելու է, և սա կլինի մեր ժողովրդավարության հաղթանակը», - նախագահականի փոխանցմամբ՝ հայտարարել է Վահագն Խաչատուրյանը:

Արձակուրդ են մեկնել նաև Արմավիրի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզպետները, Պաշտպանության, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների, Արդարադատության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարները:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG