Մատչելիության հղումներ

«Շուկայական» արժեք՝ թղթի վրա, «կոպեկներ»՝ իրականում. ինչպե՞ս են համայնքները շրջանցում հողերի օտարման նոր կարգը

Դեռ անցած տարի կառավարությունը համայնքային հողերն օտարելու նոր պայման էր սահմանել՝ վաճառել ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքով և բացառապես էլեկտրոնային աճուրդով։ Բայց համայնքներում հողը թանկացնելու և մրցույթով տրամադրելու գործադիրի սահմանած կարգը շրջանցելու ճանապարհներ գտնում են:

Մեկ շաբաթ առաջ Գավառի Բերդկունք գյուղում մի բնակիչ վարչապետ Փաշինյանին բողոքում էր, որ տուն կառուցելու համայնքային հողակտորը շուկայականին համարժեք 7,5 միլիոն դրամ են գնահատել, իսկ դա իր համար անհասանելի շքեղություն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, թե կառավարության որոշումն է՝ համայնքային սեփականությունը կոպեկներով այլևս չի օտարվելու։

Գործադիրի ղեկավարի պահանջը հստակ է՝ համայնքի ղեկավարները պետք է հողին վերաբերվեն որպես սեփականի և օտարեն միայն թափանցիկ մրցույթների միջոցով։

Մինչդեռ Լոռու մարզում պատկերն ուրիշ է. Օրինակ, Սպիտակի ավագանու միայն վերջին նիստում չորս հողակտոր վաճառվել է առանց որևէ աճուրդի՝ ուղղակի վաճառքի եղանակով։ Որոշումներից երեքը վերաբերում է Կարինե Աջամյանին, որ իր նախկինում վարձակալած մեկուկես հեկտար վարելահողը սեփականացնելու համար վճարել է քառակուսի մետրի դիմաց ընդամենը 67 դրամ։ Ընդ որում ավագանու նիստում կցկտուր տվյալներ հնչեցին ու պարզ չեղավ՝ երբ է Աջամյանը վարձակալել մեկուկես հա վարելահողը:

Նույն սխեմայով և նույն 67 դրամով 2,7 հեկտարի սեփականատեր է դարձել Ժորա Նազարյանը, թեև նրա վարձակալության ժամկետների մասին տվյալները ևս անորոշ են՝ օտարման որոշման մեջ որևէ նշում չկա։

Ավելի ուշագրավ է Գարիկ Դանիելյանի օրինակը, ով 2024-ին Սպիտակում քաղաքապետի միանձնյա որոշմամբ 3 հա վարելահող է վարձակալել՝ քառակուսին 2 դրամով, իսկ արդեն մեկուկես տարի անց՝ 2025-ի դեկտեմբերին, երբ աճուրդի և շուկայական արժեքով օտարելու կառավարության պահանջն ուժի մեջ էր, ավագանին ընդամենը մեկուկես տարվա վարձակալին թույլատրել է ուղիղ վաճառքով սեփականացնել 3 հեկտարը դարձյալ նույն՝ 67 դրամով։ Թեև ավագանու որոշման մեջ նշված է, որ շուկայական արժեքին մոտարկված գին են սահմանել, բայց այս նույն 67 դրամը գործել է նաև նախորդ տարիներին՝ երբ տարածքները կարող էին վաճառվել ավելի էժան՝ կադաստրային արժեքով:

Ուղղակի վաճառքի այս պրակտիկան համատարած է նաև Վանաձորում։ Թեև ավագանին մարտին մերժեց հարյուրավոր ավտոտնակների զանգվածային օրինականացումն ու օտարումը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարն ամեն օր տասնյակ որոշումներ է ստորագրում դրանք էժան գներով սեփականացնելու մասին։ Ընդ որում քաղաքի կենտրոնական փողոցներում հողի արժեքը քարացել է՝ թե՛ 2024-ին ու թե՛ այս տարի մեկ քառակուսի մետրը վաճառվում է նույն 3200 դրամով։

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանն այս ակտիվության մեջ նախընտրական միտում է տեսնում՝ Լոռիում հողհատկացումներն ու շինթույլտվությունները շեշտակի ավելացել են հենց ընտրությունների շեմին. «Տարօրինակ կերպով նույն Սպիտակը այս պահին նաև ավագանիով բավականին մեծ քանակությամբ հողերի օտարում է արել, այն, ինչը 2025 թվականին ավելի մեղմ էր, քան հիմա»:

Մեկ տարի առաջ Փաշինյանը կառավարության նիստում ավելի կոշտ էր արտահայտվել, նախկինում չնչին գներով վաճառված համայնքային գույքի հետքերով հարուցված քրեական գործերից խոսել. «Ո՞նց կարա Հայաստանի Հանրապետությունում 100 դրամով հող վաճառվի: Եթե 100 դրամով հող է վաճառվում, արգելեք»:

Մինչդեռ 100 դրամով հող վաճառելու արգելքները դեռ չեն գործում: Ինչու՞ համայնքների ղեկավարները կառավարության այս պահանջը բառացի չեն ընդունել, արդյոք իրենց պատկանող հողատարածքները քաղաքի սրտում քառակուսի մետրը 1200 դրամով կվաճառեի՞ն, ինչպես տեղի է ունեցել Վանաձորում: Յուրայինների՞, թե՞ արտոնյալների համար են այս արտոնությունները, թե՞ ընտրություններից առաջ վերևներից կանաչ լույս ունեն, պարզ չէ:

Համայնքապետարաններից վստահեցնում են՝ օրենք չեն խախտում, չնայած մի դեպքում, օրինակ, Բերդկունքի բնակչին տան չափով հողը 7 միլիոն են գնահատում, մյուս դեպքում Վանաձորի կենտրոնում 340 հազար դրամով ավտոտնակի տարածք վաճառում: Մինչդեռ Լոռու պաշտոնյաներն առիթը բաց չեն թողնում շեշտելու, թե կոպեկներով համայնքից գողացածը հետ են բերելու:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG