ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Հայաստանից մեկնել է Ադրբեջան:
Այցի ընթացքում Կալլասը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է Եվրոպական Միության դիվանագիտական ծառայությունը։
«Ադրբեջանը Եվրամիության համար արժեքավոր և վստահելի էներգետիկ գործընկեր է, այնպես որ լավ է, որ այսօր Բաքվում եմ։ Մեր համագործակցությունն ավելի խորացնելու հստակ հնարավորություն կա, մասնավորապես՝ առևտրի, տրանսպորտի և թվային ոլորտներում։ ԵՄ-ի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը մեր ընդհանուր ռազմավարական շահերից է բխում, և մենք պատրաստ ենք քննարկել Ադրբեջանի հետ ավելի կառուցվածքային գործընկերություն», - ասել է Կայա Կալլասը։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչը հայտարարել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այս ընթացքը։
«Եվրամիություն մի շարք գործիքներ ունի այս գործընթացին աջակցելու համար՝ սկսած վստահության ամրապնդման միջոցառումներից մինչև ականազերծման աշխատանքներ, որտեղ մենք արդեն ամենախոշոր դոնորն ենք», - նշել է Կալլասը։
Նա ընդգծել է՝ «իհարկե մարդու իրավունքների վերաբերյալ բաց և անկեղծ երկխոսությունը շարունակում է մնալ մեր համագործակցության անբաժանելի մասը»։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչը Երևանում էր՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովներին: