Աշխատանքի օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել, նշելով, որ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ։
«Հեղափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել և արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե՛ աշխարհի, և թե՛ Եվրասիական տնտեսական միության միջինից։ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53․9 տոկոսով աճել է, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են»,- ասված է վարչապետի ուղերձում:
Վարչապետի գնահատմամբ՝ երկրում «ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է և համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես»:
Անդրադառնալով Երևանի ու Բաքվի միջև հարաբերություններին, վարչապետն ընդգծել է. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում՝ ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության և կրթության համար»: