Ֆրանսիայի նախագահ Էմանյունել Մակրոնը մայիսի 5-ին՝ պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի, տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծերից։
Կառավարությունը համերգի կազմակերպման նպատակով կհատկացնի մոտ 393 մլն դրամ՝ ավելի քան մեկ միլիոն դոլար։
«Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը:
Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ»,- նշված է որոշման նախագծում։
Համերգի կազմակերպման վայր է ընտրվել Գյումրին, քանի որ, ըստ կառավարության, Գյումրիում մեծ է սերն ու հետաքրքրությունը ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի նկատմամբ, ինչը պայմանավորված է 1988 թվականի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործում Ֆրանսիայի ժողովրդի և կառավարության կողմից ցուցաբերած աջակցությամբ։
Կառավարությունից տեղեկացնում են, որ նախագահ Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստան: Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Հաղորդվում է, որ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանյուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով: Մակրոնը կհանդիպի նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: