Եվրոպական միությունն այսօր պաշտոնապես հաստատեց Ուկրաինային խոստացված 90 միլիարդ եվրոյի վարկը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը։
«Եվրամիության ռազմավարությունը՝ Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար, հիմնված է երկու սյան վրա՝ Ուկրաինայի հզորացում և Ռուսաստանի վրա ճնշման մեծացում։ Այսօր մենք առաջընթաց ենք գրանցել երկու ուղղությամբ էլ», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ում կատարած առանձին գրառման մեջ։
ԵՄ դեսպաններն արդեն նախօրեին հաստատել էին վարկը և պատժամիջոցների փաթեթն այն բանից հետո, երբ Հունգարիան հանել էր իր վետոն՝ ճանապարհ բացելով պաշտոնական հաստատման համար։
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ուկրաինայի համար նոր՝ 90 միլիարդ եվրոյի վարկը տնտեսական հետևանքներ կունենա Եվրոպական միության համար։